26 մայիսի 2006 - 20:12 AMT
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայ ժողովրդին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին Հանրապետության տոնի առթիվ, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Շնորհավորում եմ բոլորիդ Հանրապետության տոնի առթիվ: Ութսունութ տարի առաջ մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը տրամաբանական շարունակությունն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած, հիրավի, հերոսական պայքարի: Բախտորոշ այդ իրադարձությունը հնարավորություն տվեց դարերի ընդմիջումից հետո վերականգնելու հայոց անկախ պետականությունը, որը պատմական մեծագույն իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում եւ եկավ ավելի ամրապնդելու հայոց ոգին, հավատ ներշնչելու սեփական ուժերի նկատմամբ»: Ուղերձում ասվում է, որ Հանրապետության հռչակումը առավել ամրապնդեց հայոց ոգին, հավատ ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ:
«Վստահ եմ, որ այսօր դասեր քաղելով պատմությունից, կկարողանանք ոչ միայն պահպանել, այլեւ զարգացնել սերունդների պայքարով ձեռք բերածը, դիմագրավել անկախությանը սպառնացող նոր մարտահրավերներին, զորացնել ու շենացնել մեր պետությունը»,- ասվում է ուղերձում: Անդրանիկ Մարգարյանը նաեւ նշեց, որ այս տարիՀայաստանը նշելու է անկախության15-րդ տարեդարձը: «Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղ երկինք, աներեր հավատ մեր պետության ապագայի նկատմամբ»,- ասվում է ուղերձի վերջում: