Վերջին օրերի համեմատ թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում է նկատվել:
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից հրադադարը ռեժիմը խախտվել է մոտ 40 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբարձակվել է ավելի քան 500 կրակոց:
Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում առաջնագծում լարվածությունը թուլացել է, տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն:
Օգոստոսի լույս 12-ի գիշերն ու առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում շարունակել են արձանագրվել ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպքեր, որոնց պարբերականության նվազման միտումը պահպանվել է:
Օգոստոսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է անկանոն բնույթի ավելի քան 100 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ չի բացվել, տուժածներ չունենք, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Հայաստանի զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:
Մինչև այդ Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը կայացել էր 2013-ի նոյեմբերին Վիեննայում:
Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:
Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։
Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:
Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն: