29 մայիսի 2006 - 19:16 AMT
Ա-320-ի «սեւ արկղերը» բավարար վիճակում են
Միջազգային ավիացոին կոմիտեի (ՄԱԿ) մասնագետները բացել են մայիսի 3-ին Սեւ ծովում կործանված ինքնաթիռի ինքնագրիչները: Դրանց պարունակությունը, չնայած նրան, որ «սեւ արկղերը» երկար ժամանակ մնացել են ծովի հատակի ագրեսիվ միջավայրում, բավարար վիճակում է եւ լրացուցիչ բարդություններ կապված վերծանման հետ չպետք է առաջանան: «Սեւ արկղերը» վերծանվում են Մոսկվայում` ֆրանսիական սարքավորումների կիրառմամբ: Վերծանմանը մասնակցում են ռուս եւ հայ մասնագետները, ինչպես նաեւ ֆրանսիացիները` Airbus կոնսորցիումի ներկայացուցիչները, հաղորդում է Իտար-Տասսը:

Նշենք, որ ավելի վաղ Միջազգային ավիացոին կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան հայտարարել էր, թե մագնիտային ժապավենները, որոնց վրա ձայնագրվել են ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունները, կարող է զգալիորեն վնասված լինեն, որի պատճառով տեղեկատվության մի մասը կարող է կորչել:

Հիշեցնենք, որ մայիսի լույս 3-ի գիշերը Ադլեր օդանավակայանի մոտ կործանվեց Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ընկերության Ա-320 Airbus-ը: Վթարի հետեւանքով զոհվեցին բոլոր ուղեւորները (105 հոգի` 26 Ռուսաստանի քաղաքացի, Ուկրաինայի մեկ քաղաքացի, Վրաստանի մեկ քաղաքացի, մնացածը` Հայաստանի քաղաքացիներ) եւ անձնակազմի անդամները (8 հոգի` երկու օդաչուները, ինժեները եւ հինգ բորտուղեկցորդները):