Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 24-ին այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման կողմից կազմակերպված «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Արդեն վեցերորդ տարին անցկացվող այս հավաքին այս տարի մասնակցում է 500 երիտասարդ՝ Երևանից և Հանրապետության մարզերից: Նախագահը շրջել է ճամբարի տարածքում, զրուցել ֆորումի մասնակիցների հետ, ծանոթացել ճամբարականների պայմաններին և առօրյային, նախորդ օրերին անցկացված միջոցառումներին:
Սերժ Սարգսյանը պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրի արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, երիտասարդության հարցերին, պաշպանությանը և մի շարք այլ թեմաների: Մասնավորապես, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, դրանց հեռանկարին, այդ հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշմանը վերաբերող հարցի կապակցությամբ նախագահը նշել է, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի արտաքին գործերի նախարարի մակարդակով:
Օգոստոսի 10-ի երեկոյան հայտնի է դարձել, որ Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է պետության պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրությունների հաղթող` հավաքելով ձայների 51,7 տոկոսը:
Ըստ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարը կտեղեկանա նաև, թե արդյոք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է դեպի անմար կրակը: Իսկ «ե՞րբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը» հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դժվարանում է ասել. նա ընդգծել է՝ Հայաստանի ցանկությունն է, որ այն օր առաջ բացվի:
Ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցաոռւմների համակարգման պետական հանձնաժողովի չորրորդ նիստում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահին այցելել Երևան 2015 թ. ապրիլի 24-ին: «Պաշտոնապես հրավիրում են Թուրքիայի նախագահին, որը հայտնի կդառնա առաջիկա նախագահական ընտրություններում, 2015 թ. ապրիլի 24-ին այցելել Հայաստան ու առերեսվել սեփական պատմության հետ:
Նախագահին ներկայացվել է, որ ճամբարի մասնակիցներն ապրում են հագեցած և հետաքրքիր օրակարգով, ճամբարում անցկացվում են ամենօրյա դասախոսություններ ամենատարբեր թեմաներով, հյուրընկալվում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, կազմակերպվում են սպորտային մրցումներ, ժամանցային այլ միջոցառումներ, տեղեկացնում են նախագահականից: