25 օգոստոսի 2014 - 21:55 AMT
ՄԻՊ. Պետրոսյանի դիակի հանձնման ձգձգումը խոշտանգման հետքերը թաքցնելու նպատակ է հետապնդում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին՝մտահոգություն հայտնելով Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումերի և սպանությունների, մասնավորապես, 2014թ. օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերի ընկած և մեկ օր անց սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի դեպքի առթիվ:

«Ադրբեջանական կողմը հրապարակավ նվաստացրել ու խոշտանգել է հոգեկան առողջության ակնհայտ խնդիր ունեցող Պետրոսյանին՝ նրան ներկայացնելով որպես «դիվերսանտ»: Դրան հետևեց Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ Պետրոսյանը հանկարծամահ է եղել «սրտային անբավարարությունից»: Մինչդեռ, ըստ Պետրոսյանի բժշկական քարտի, վերջինս եղել է ֆիզիկապես լիովին առողջ:

Կարեն Պետրոսյանի սպանությունից 17 օր անց ադրբեջանական կողմը դիակը դեռ չի հանձնել Հայաստանին: Ես հիմնավոր կասկածներ և մտավախություն ունեմ, որ Պետրոսյանի դիակի հանձնման ձգձգումը խոշտանգման հետքերը թաքցնելու նպատակ է հետապնդում: Նույն կերպ 2010թ. Ադրբեջանում գերության մեջ սպանվեց քաղաքացիական անձ Մանվել Սարիբեկյանը, իսկ մեկ այլ քաղաքացիական անձ Մամիկոն Խոջոյանը 2014թ. մահացավ Ադրբեջանում խոշտանգվելու հետևանքով, հայրենիք վերադառնալուց հետո»,- նշել է օմբուդսմենը:

Կարեն Անդրեասյանը նամակում նաև նշել է, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար, Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի և Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի անդամ Էլմիրա Սուլեյմանովան մինչև օրս որևէ դիրքորոշում չի հայտնել հայ գերու սպանության վերաբերյալ:

«Ակնկալելի էր Սուլեյմանովայի նման պահվածքը, քանի որ նույն այդ պաշտոնյան ողջունել էր իր հայրենակից Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականին քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի գլխատումը կացնահարման միջոցով՝ ոճրագործի գործողություններն անվանելով «հայրենասիրության օրինակ երիտասարդների համար»:

Գերուն խոշտանգելը խորապես հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես, պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի դրույթներին:Կոչ եմ անում Ձեզ անմասն չմնալ և հանդես գալ Ադրբեջանի ապօրինի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, նպաստել Կարեն Պետրոսյանի դիակի՝ Հայաստան տեղափոխմանը և սպանության համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը»,- եզրափակել է Անդրեասյանը:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: