31 մայիսի 2006 - 16:11 AMT
Տ. Թորոսյան. Ռուսաստանում այլազգիների սպանությունները հասել են սարսափեցնող չափերի
Ռուսաստանում այլազգիների սպանությունները հասել են սարսափեցնող չափերի, եւ դա լուրջ սպառնալիք է հանդիսանում տվյալ երկրի համար: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխոսնակ Տիգրան Թորոսյանը` մեկնաբանելով վերջերս Մոկվայում տեղի ունեցած 19-ամյա հայ երիտասարդի սպանությունը: «Ես չեմ ցանկանում ասել, որ Ռուսաստանում հայերի դեմ նպատակաուղղված քաղաքականություն է տարվում: Մեզ առաջին հերթին պետք է անհանգստացնի մեր հայրենակիցների ճակատագիրը»,- միեւնույն ժամանակ ընդգծել է Տ. Թորոսյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը բավական ինֆորմացիա չունի, որպեսզի այդ հարցով լիարժեք մեկնաբանություն տրվի:
«Մեզ հավելյալ տեղեկատվություն է պետք, որն առաջին հերթին պետք է լիովին հիմնավորված լինի, քանի որ խնդիրը բավականին նուրբ է»,- ընդգծել է Տ. Թորոսյանը: Փոխխոսնակը նաեւ հայտարարեց, որ Ռուսաստանի պետական իշխանությունները չպետք է հրաժարվեն այլազգիների սպանությունների փաստերի լուսաբանումից ու քննարկումից, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին անհայտ անձինք սպանել են հայազգի Արթուր Սարդարյանին, ով էլեկտրագնացքով Մոսկվայից վերադառնում էր մերձմոսկովյան Պուշկինո քաղաքը: Իսկ ավելի քան մեկ ամիս առաջ` ապրիլի 22-ին, Մոսկվայի մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի նախասրահում բազմաթիվ ականտեսների ներկայությամբ սափրագլուխների կողմից սպանվել է Մոսկվայի կառավարման ակադեմիայի 17-ամյա ուսանող Վիգեն Աբրամյանցը, հայտնում է «Նովոստի Առմենիան»: