10 սեպտեմբերի 2014 - 13:52 AMT
Կասպրշիկ. Պետք չէ քաղաքականացնել սահմանախախտների ձերբակալությունը

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մեկնաբանել է ԼՂՀ ՊԲ կողմից Ադրբեջանի 15-ամյա քաղաքացի Ջավիդ Սամիրօղլու Մուզաֆարզադեի ձերբակալման փաստը՝ Արցախի սահմանը հատելու փորձ անելիս: Ըստ նրա, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում շփման գծին մոտ բնակվող կամ աշխատող քաղաքացիական անձանց ոչ միտումնավոր անցումներ հակառակորդի կողմ:

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը նշել է, որ սատարում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին ձերբակալվածների հետ կապ հաստատելու և նրանց վերադարձնելու ուղղությամբ: Նա նաև կարևորում է այդ միջոցները համապատասխան կառույցների հետ հանդիպումներում:

Կասպրշիկը հավելել է, որ սահմանախախտի ձերբակալումը «հումանիտար հարց է» համարում. «Դա հումանիտար հարց է, այն չպետք է քաղաքականացվի», հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Սեպտեմբերի 9-ին հայտարարություն տարածվեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովից հայտնեցին, որ կատարվածի մասին ժամանակին տեղեկացրել են Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակներին:

Սեպտեմբերի 5-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահները գերի էին վերցրել Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Սամիր օղլուն: Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել էր, իսկ Մամեդով Ջավիդ Սամիր օղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով ձերբակալվել էր Թովուզի շրջանում, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը», հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ ադրբեջանական Haqqin.az-ի՝ այժմ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Երեկոյան Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը երեկ հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը նաև տեսանյութ էր տարածել, որտեղ Կարենի հեռախոսի հիշողության մեջ հայ զինվորականների ու ռազմական տեխնիկայի լուսանկարներ կային: Սաղոյանի խոսքով, Կարենի հեռախոսն անգամ լուսանկարելու հնարավորություն չունի: Գյուղապետի վկայությամբ՝ սահմանը հատելու նախորդ գիշեր երիտասարդը տանը չի գիշերել: Առավոտյան ցանկացել է համագյուղացի մի երեխայի իր հետ վերցնել՝ վառելափայտ բերելու, սակայն այդ տղան տանը չի եղել ու մենակ է գնացել: Կարենը մոտ 100-130 մ խորացել է անտառում, ապա ևս 250 մ բացատ անցել ու հայտնվել ադրբեջանական Աղբուլաղ գյուղում: Գյուղապետի խոսքով, Պետրոսյանն այդ օրը եղել է ոչ սթափ վիճակում: Նրա եղբայրն ու քույրը Ռուսաստանում են, մայրը՝ հիվանդ, հոգեմետ դեղեր է ընդունում: Կարենի հորեղբոր որդին՝ Պետրոս Պետրոսյանը, տեղեկացրել է, որ Կարենն այդ օրը ոչ թե զինվորական հագուստով, այլ սպիտակ մարզակոշիկներով ու կապույտ բլուզով է եղել։

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի տարածած հայտարարությունուն է տարածել, որտեղ ասվում է, որ գերեվարված Կարեն Պետրոսյանի անակնկալ մահը դաժան ու անմարդկային վերաբերմունքի հիմնավոր կասկածների տեղիք է տալիս, ինչը «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» ամրագրված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում է:

Հանձնաժողովը համապատասխան միջազգային կառույցներին կոչ է արել հետևողականություն դրսևորել` գործի անաչառ և լիարժեք քննություն իրականացնելու համար»:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

Ավելի ուշ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտարարեց, որ հարուցված քրգործի շրջանակներում ձեռք բերված տվյալները հիմք են տալիս առաջ քաշել Ադրբեջանում գերության մեջ մահացած Չինարի գյուղի բնակիչԿարեն Պետրոսյանին հայկական տարածքից առևանգելու վարկածը:

Կարեն Պետրոսյանի դին միջազգային փորձագետների մասնակցությամբ հետազոտելու և աճյունը Հայաստան վերադարձնելու պահանջով միջազգային կառույցներին ուղղված նամակ են պատրաստել «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր ադրբեջանական լրատվականների համաձայն օգոստոսի 26-ին Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ անցած քաղաքացու անձնական տվյալներն ու լուսանկարը։ Այդ երկրի ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, դա 43-ամյա Սարգիս Նորիկի Անանյանն է, որն այժմ բժիշկների վերահսկության տակ է։

Ավելի վաղ հակառակորդի լրատվականները գրում էին, թե քաղաքացին 53-54 տարեկան է, նա մոտ 20 րոպե մնացել է Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան։ Ադրբեջանական որոշ կայքեր էլ շտապել էին նրան դիվերսանտ որակել: Օգոստոսի 27-ին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայ գերու մասին ադրբեջանական լուրն ապատեղեկատվություն էր որակել՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն օգոստոսի 26-ին իր հերթին Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ տեղեկություններ կան՝ օգոստոսի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, անծանոթ անձը մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողների ուղղությամբ, ներկայացել որպես ոսկեվանցի, խոսել աղավաղված հայերենով, սխալ շեշտադրումներով, թույլտվություն խնդրել մոտենալ մեր դիրքապահներին, իսկ երբ վերջիններս հարցուփորձ էին արել, նա չէր կարողացել պատասխանել և փախել էր ադրբեջանական կողմի ուղղությամբ: