22 սեպտեմբերի 2014 - 12:04 AMT
Էրդողանը կհանդիպի ԱՄՆ-ում ՀԱԵ Արևելյան թեմի առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հանդիպել հայ և հրեական համայնքների ղեկավարների հետ Նյու Յորքում՝ կլիմայի փոփոխությանը նվիրված Գլխավոր վեհաժողովի 69-րդ գագաթնաժողովի շրջանակում:

Ըստ Sabah-ի, Էրդողանը կհանդիպի ԱՄՆ-ում ՀԱԵ Արևելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի հետ:

Այդ կապակցությամբ թերթը գրում է, որ իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը քննարկում է Թուրքիայում հայկական կազմակերպությունների գույքը վերադարձնելու հարցը:

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսությունը մոտ ժամանակներս Թուրքիայի Սահմանադրական դատարանում հայց է ներկայացնելու` պահանջելով իր պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձն իր իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին: Այս մասին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը հայտարարել է Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը` հավելելով, որ եթե դատը մերժվի Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից, այն կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293–1441-ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հս. ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին:

Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո 1441-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում:

Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի նաև Հրեաների համաշխարհային կոնգրեսի պատվիրակության հետ, որը գլխավորում է Սթիվեն Լաուդերը:

Գագաթնաժողովը կտևի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը:

Photo: Haberler