8 հունիսի 2006 - 16:16 AMT
2006 թվականի սեպտեմբերին տեղի կունենա Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովը
2006 թվականի սեպտեմբերի 18-20 Երեւանում տեղի կունենա Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, երրորդ խորհրդաժողովի նպատակն է վերլուծել, ամփոփել, գնահատել Հայաստանի 15-ամյա անկախությունը, եւ նախանշել մեր առջեւ ծառացած խնդիրները լուծելու ուղիները: «Համաժողովի շրջանակներում կանցկացվեն տարբեր փառատոններ, մշակութային այլ միջոցառումներ: Մինչ համաժողովը տեղի կունենա «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը եւ «Ոսկե ծիրան» երրորդ կիոնփառատոնը»,-նշել է Վարդան Օսկանյանը: ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ 15 տարվա ընթացքում փոխվել են մարտահրավերները, սակայն փոխվել է նաեւ ինքը երկիրը: «Մեր հնարավորություներն այժմ այլ են, այլ է ներուժը: Հայաստանն այժմ շատ ավելի ուժեղ է եւ ի վիճակի է լուծել երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները»,-ընդգծել է նա:

Համաժողովը կբացվի սեպտեմբերի 18-ին: Առաջին լիագումար նիստում ելույթ կունենան Հայաստանի եւ ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներ Գարեգին Բ եւ Արամ Առաջինը, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ Սփյուռքից: Նիստում կքննարկվեն հարաբերությունները Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, համագործակցության հեռանկարները: Համաժողովի աշխատանքի երկրորդ օրը լիովին նվիրված կլինի գյուղական համայնքների զարգացման ծրագրի քննարկմանը: Երրորդ եզրափակիչ օրը տեղի կունենա «Նոր լուծումներ հին խնդիրներին 21-րդ դարի Ազգ-Պետության համար» խորագրով կոնֆերանսը:

«Հրավիրելով Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովը` մենք լիահույս ենք, որ համախմբելով մեր ազգային բոլոր հնարավորությունները, կարելիությունները եւ կարողությունները, միասնաբար եւ համատեղ ջանքերով կարող ենք առաջադրել եւ լուծել համազգային տարողության եւ նշանակության խնդիրներ` մեր ժողովրդի համար ստեղծելով Ապահով եւ Անվտանգ զարգացման եւ բարգավաճման պայմաններ: