Կառավարությունը հոկտեմբերի 9-ի նիստում հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է երկարացնել օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը: ՓՄՁ-ների համար մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրման պահանջը այս տարվա հոկտեմբերի առաջին տասնօրյակից երկարաձգվում է մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:
Կառավարությունից հայտնում են, որ ՓՄՁ շահերը ներկայացնող ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք պայմանավորված են ապրանքի գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:
Մասնավորապես, առևտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են հաշվառել իրենց ապրանքի մնացորդը և տեղեկություն ներկայացնել հարկային մարմին, ուստի օրինագծով առաջարկվում է սահմանել ավելի երկար ժամկետ: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների հարկային բեռի նվազեցմանը և զուգահեռաբար՝ տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորման խնդրի լուծմանը:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Հոկտեմբերի 1-ին, ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, ըստ որի առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Երևանի տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող առևտրականները դեմ են օրենքի կիրառմանը: Նրանք արդեն մի քանի բողոքի ցույց են կազմակերպել, սպառնում են գործադուլ և անգամ հացադուլ հայտարարել: Զուգահեռ ցույցեր են անցկացվում նաև Գյումրիում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 6-ին ֆինանսների նախարարին հանձնարարել է վերանայել «Շրջանառության հարկի մասին» գործող օրենքի որոշ դրույթներն ու օրենքի նոր նախագիծը եռօրյա ժամկետում ներկայացնել Կառավարության քննարկմանն ու ԱԺ: Բացի այդ 20-օրյա ժամկետում նախարարը պետք է Կառավարությանը ներկայացնի առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու ու տնտեսվարողների շրջանում անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման վերաբերյալ:
«Շրջանառության հարկի մասին» արդեն իսկ ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիները հոկտեմբերի 6-ին դարձյալ ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում էին վարչապետի պատասխանը՝ հասկանալու, թե օրենքում փոփոխություններ կատարելու հարցում իրենց որ առաջարկներն են ընդունվել:
Ըստ ցուցարարների, հանդիպմանը վարչապետը հավաստիացրել է առևտրականներին, որ կարվի ամենը, որպեսզի փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններ չփակվեն և հորդորել՝ այն առաջարկները, որ ավելի վաղ իրեն էին ներկայացվել, քննարկեն նաև Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ: