Սան Ուաքին հովտի հայկական համայնքը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին Ֆրեզնոյում (Կալիֆորնիա), հաղորդում է Asbarez-ը:
Ճարտարապետական բետոնից ու տուֆից կառուցվող հուշարձանը կներկայացնի հայ ժողովրդի մշակութային խորհրդանիշները: Դրա հիմնական բաղադրիչներն ունենալու են շրջանաձև դասավորվածություն և դրվելու են որոշակի թեքությամբ` դեպի ներս, ինչը կհիշեցնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցվածքը: Ինը սյուները խորհրդանշելու են պատմական Հայաստանի վեց շրջանները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությյունը: Վերևից սյուներն իրար կմիացնի թերի շրջանը` որպես ապացույց, որ թեև Հայոց ցեղասպանությունն անջնջելի սպի է թողել, հայ ժողովրդի միասնությունը չի խաթարվել:
Հուշարձանի օծման արարողությունը նախատեսվում է անցկացնել 2015-ի ապրիլի 24-ին:
Աշխարհի տարբեր անկյուններում ստեղծվել են Հայոց ցեղասպանությունն ու նրա զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշարձաններ, թանգարաններ ու տարբեր կազմակերպություններ։ Դրանցից ամենամեծը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրն է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակը ճարտարապետ Արթուր Թարխանյանն է (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ)։
Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավորհայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ 1965-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր։ Դրանց արդյունքում 1966-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1967-ին։ Բացումը տեղի ունեցավ 1967-ի. նոյեմբերի 29-ին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։
44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ 12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Շրջանի կենտրոնում զոհերի հիշատակի հավերժական կրակն է։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։ 1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց ստորգետնյա թանգարանը։