12 հունիսի 2006 - 14:28 AMT
Շվեյցարիան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին
Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Միշըլին Կալմի Ռեյը: Նրա խոսքերով, խաղաղության հաստատումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կհանգեցնի տարածաշրջանի կայունացմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը:

Ինչ վերաբերում է Հայկական հարցին, ապա Միշըլին Կալմի Ռեյն ընդգծել է, որ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է տարբեր մակարդակներում, սկսած պետականից եւ վերջացրած կանտոնային եւ մունիցիպալ մարմիններով: «Շվեյցարիան ճանաչում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Մենք պատրաստ ենք աջակցել հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած երկխոսության Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, սակայն, ավաղ, առայժմ ապարդյուն»,-ասել է նա:
Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է նաեւ, որ իր երկրի օրենսդրության մեջ կա հոդված, ըստ որի Հայոց ցեղասպանությունը ժխտող եւ ռասայական ու ազգային անհանդուրժողություն քարոզող անձանց համար քրեական պատիժ է սահմանված: