Եվրասիական տնտեսական միությունը համաշխարհային ճգնաժամի պայմաններում ավելի մրցունակ ու պաշտպանված կլինի համաշխարհային շուկայում, ասվում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի ուղերձում Երևանում կայացած քննարկման մասնակիցներին: Քննարկման թեման էր «Հայաստանի տնտեսական հեռանկարները ԵՏՄ կազմում», կազմակերպիչն էր Ռուսաստանի հայերի միությունը:
«Ըստ էության, ստեղծվում է միասնական տնտեսական մարմին, որը շարունակական տնտեսական ճգնաժամի պայմաններում ավելի մրցունակ ու պաշտպանված կլինի համաշխարհային շուկայում, թույլ կտա նրա մասնակիցներին զգալի տնտեսական օգուտ քաղել»,-ասել է դեսպանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Վոլինկինը նշել է, որ ԵՏՄ-ն առաջին հերթին ինտեգրում է տնտեսության ոլորտում, որով իրական պայմաններ են ստեղծվում չորս տնտեսական ազատությունների` ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի տեղաշարժի համար:
«Հայաստանի անդամակցումն ԵՏՄ-ին իրապես նշանակալի իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի ինտեգրացիոն տնտեսական միավորման համար»,-ասել է նա:
Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:
ԵՏՄ մասին պայմանագիրը ստորագրվեց 2014-ին մայիսի 29-ին Աստանայում, դառնալով ՄՄ զարգացման նոր փուլը: Այն ժամանակ ԵՏՄ-ին պետք է միանար Հայաստանը, որը 2013-ի սեպտեմբերին հրաժարվեց ԵՄ հետ ասոցացումից հօգուտ ՄՄ հետ հարաբերությունների ամրապնդման: Սակայն ՀՀ հետ պայմանագրի կնքումը խափանվեց ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսային հսկողության հարցի վերաբերյալ Ղազախստանի դիրքորոշման պատճառով:
ԵՏՄ-ն ենթադրում է միասնական մաքսային քաղաքականություն, կապիտալների, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ:Պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ին: