20 հոկտեմբերի 2014 - 10:42 AMT
Կիպրոսում Թուրքիայի հետ բանակցություններն անվանում են «խուլերի երկխոսություն»

Կիպրոսի Հանրապետությունը չի վերսկսի Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունները, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել կղզու Բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) նավթագազային ռեսուրսների հետախուզման սադրիչ ծրագրերից: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

«Ես չեմ զիջի խորհուրդներին ու խուլերի երկխոսությանը վերադառնալու առաջարկներին,-ասել է նախագահը: Ես անարժան կլինեի ժողովրդի կողմից ինձ վստահված մանդատին, եթե շարունակեի բանակցությունները սպառնալիքնեի ու ևս մեկ իրողություն ճանաչելու պայմաններում», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ, «Ասիա-Եվրոպա» գագաթնաժողովի շրջանակում Միլանում Կիպրոսի ու Ռուսաստանի նախագահներ Նիկոս Անաստասիադիսն ու Վլադիմիր Պուտինը նույնպես քննարկել են Կիպրոսի խնդիրը:

Հանդիպումից հետո Կիպրոսի կառավարության ներկայացուցիչ Նիկոս Խրիստուդուլիդիսը պատմել է լրագրողներին, որ Վլադիմիր Պուտինը հիանալի իրազեկված է Կիպրոսում թուրքական սադրանքների ու Կիպրոսի արձագանքի մասին: Ըստ Նիկոս Խրիստոդուլիդիսի, «Պուտինը հաստատել է ՌԴ սկզբունքային դիրքորոշումն ինչպես Կիպրոսի խնդրի լուծման, այնպես էլ իր բնական պաշարները շահագործելու Կիպրոսի անքակտելի իրավունքի վերաբերյալ, ինչպես նաև այն, որ Կիպրոսի ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է», գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հոկտեմբերի 3-ին Անկարան հրապարակեց այսպես կոչված նավիգացիոն տելեքս (NAVTEX)՝ իրազեկում այն մասին, որ Միջերկրական ծովի որոշակի հատվածում հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 30-ը «Բարբարոս» թուրքական հետազոտական նավը սեյսմիկ հետախուզում կանցկացնի՝ որոնելով բնական գազի հանքեր: Հենց այդ շրջանում է գտնվում կիպրոսյան ԲՏԳ-ն և այնտեղ է Eni ընկերությունը փորձնական հորատանցք հորատում ըստ կոնցեսիոն համաձայնագի Կիպրոսի կառավարության հետ: Սակայն Անկարան, որը չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը, անտեսում է գոյություն ունեցող սահմանները Միջերկրական ծովի արևելքում և Նիկոսիայի հետ կնքած միջազգային համաձայնագրերը:

Ավելի ուշ Թուրքիայի հասցեին զգուշացումով հանդես եկավ Հունաստանի ԱԳՆ-ն՝ կոչ անելով Անկարային հարգել միջազգային օրենքները իր ԲՏԳ-ում գազ ու նավթ հետախուզզելու Կիպրոսի իրավունքը: «Հակառակ դեպքում Թուրքիան կարող է մոռանալ ԵՄ անդամ դառնալու մտադրության մասին»,-հայտարարել է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Կուտրասը:

Բնական գազի զգալի պաշարները Կիպրոսի առափնյա շրջանում դեռ 2011 թ. հայտնաբերել էր ամերիկյան Noble Energy ընկերությունը: Դրանից հետո կառավարությունը համաձայնագիր կնքեց Eni և «Կոգազ» կոնսորցիումների, ինչպես նաև ֆրանսիական Total-ի հետ:

Ավելի ուշ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ժամանակավորապես դադարեցրել է բանակցությունները Կիպրոսի հունական մասի իշխանությունների և կիպրոսցի թուրքերի առաջնորդ Դերվիշ Էրօղլուի միջև: Ըստ Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսի, նման որոշման պատճառը Թուրքիայի սադրիչ ու ագրեսիվ գործողություններն են, որոնք խախտում են հանրապետության ինքնիշխան իրավունքներն ու միջազգային իրավունքի նորմերը: Ըստ պարբերականի, հոկտեմբերի 7-ին նախատեսված Անաստասիադիսի և Էրօղլուի հանդիպումը հետաձգվել է:

Կիպրոսի ԱԳ նախարար Կասուլիդիսը հայտարարել է, որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իր սադրիչ գործողություններով սպառնալիքի տակ է դնում Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցությունների հաջող անցկացման հեռանկարները:

«Մենք հատկապես լուրջ զարգացում ենք համարում Թուրքիայի կողմից հետազոտական նավի գործուղումը կղզուց դեպի հարավ ընկած շրջան, որտեղ այժմ աշխատում են իտալական Eni և հարավկորեական «Կոգազ» ընկերությունները»,-ասել է մամուլի ասուլիսում ԱԳՆ ղեկավարը: Ըստ նրա, արդյունավետ բանակցությունները չեն կարող շարունակվել «նման սադրանքի պայմաններում»: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ հանրապետության իշխանությունները մտադիր են դադար վերցնել ու կասեցնել բանակցությունները: «Ամեն դեպքում որոշումն ընդունելու է նախագահ Նիկոս Անաստասիադիսը,-հայտնել է Կասուլիդիսը:-Երեքշաբթի նա խորհրդակցություն կանցկացնի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ: Այս պահի դրությամբ մենք մի շարք պատասխան դիվանագիտական ու իրավաբանական միջոցների ցուցակ ենք պատրաստել»:

ԱՄՆ Պետական դեպարտամենտի պետ Ջեն Փսակին հայտարարեց, որ Վաշինգտոնը ճանաչում է բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) էներգառեսուրսներ արդյունահանելու Կիպրոսի իրավունքը: «Մենք ճանաչում ենք Կիպրոսի Հանրապետության սեփական ռեսուրսների ու բացառաիկ տնտեսական գոտու իրավունքը: Մենք շարունակում ենք համարել, որ նավթի ու գազի պաշարները կղզում, ինչպես և մյուս պաշարները, պետք է արդար բաժանել երկու համայնքների միջև ընդհանուր կարգավորման շրջանակում»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Photo: RBC