14 դեկտեմբերի 2002 - 19:25 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՆՐԱ ՀԱՆԴԵՊ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Անդամակցելով Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը` Հայաստանը ինքնաբերաբար ստանում է առեւտրային առավել բարենպաստ պայմաններ այդ կազմակերպության անդամ երկրների հետ, որոնք իրականացնում են համաշխարհային ապրանքաշրջանառության 97 տոկոսը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը` մեկնաբանելով ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող հարցեր: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է նա, կբարձրանա արտասահմանյան ներդրողների վստահությունը Հայաստանի նկատմամբ, որպես ԱՀԿ անդամի: Օրինակ, տեղեկացրել է նախարարը, արդեն նոյեմբերի վերջին, երբ հաստատվել էին ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությանը վերաբերող փաստաթղթերի նախագծերը, մի շարք միջազգային կորպորացիաներ, ինչպիսիք են «Կոկա-կոլան» եւ «Ջեներալ մոթորսը», հետաքրքրություն դրսեւորեցին հանրապետության տնտեսության ներդրումային պոտենցիալի հանդեպ: