Գերմանական ձախակողմյան Die Linke-ը մանրամասն հաշվետվություն է պահանջել Գերմանիայի դաշնային կառավարությունից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի և այն դերի մասին, որն ունի կամ կարող է ունենալ այդ գործում ԳԴՀ-ն:
Խմբակցության անունից դաշնային կառավարության հասցեագրված հարցման մեջ նշվում է Մոսկվայի բացառիկ դերը հակամարտության կարգավորման հարցում, քանի որ Ռուսաստանն ինտենսիվ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:
«Ադրբեջանը, որը 2011-ից անդամակցում է Չմիավորված երկրների շարժմանը, ի տարբերություն Վրաստանի, այլևս հետաքրքրված չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Այդ ֆոնին Ռուսաստանն առավել ակտիվ ջանքեր է գործադրում հակամարտության կողմերի միջև բալանսի որոնման ու միջազգային իրավունքի համաձայն հակամարտությունը կարգավորելու նպատակով»,-գտնում են Die Linke խմբակցությունում: Որպես Մոսկվայի հատուկ կարգավիճակ գերմանացի խորհրդարանականները բերում են ընթացիկ տարվա օգոստոսին գրանցված իրավիճակի սրացումը շփման գծում: «ՌԴ նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը միտված էր իրավիճակի կայունացմանն ու հետագա սրացման կանխարգելմանը»: Հաշվի առնելով այդ, գերմանացի ձախակողմյաններին հետաքրքրում է, թե որքանով է ԳԴՀ-ն լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, սատարում ՌԴ խաղաղապահ ջանքերին ղարաբաղյան կարգավորման գործում:
Նամակում խմբակցությունը 40 հարց ու ենթահարց է հասցեագրել կառավարությանը, հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն:
Ըստ գերմանական օրենսդրության, կառավարությունը պարտավոր է պատասխանել խորհրդարանականների հարցմանը 14 օրվա ընթացքում: Սակայն, հաշվի առնելով հարցման ծավալը, Die Linke-ը համաձայնվել է երկարացնել պատասխանի համար անհրաժեշտ ժամանակը:
Հուլիսի վերջից սկսած ու մի քանի օր տևած ադրբեջանական ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:
Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիեին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Փարիզում նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական զինուժը բազմապատկել է հրադադարի ռեժիմի խախտումները, ինչը դարձել է Բաքվի սովորական գործելաոճը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպումներից առաջ: Նախարարը շեշտել է, որ, իրականում, իր ապակառուցողական քայլերով, Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա Փարիզում հոկտեմբերի 27-ին: