22 հոկտեմբերի 2014 - 12:13 AMT
Ուկրաինա. Յանուկովիչին կդատեն հեռակա կարգով, Մոսկվայի հետ գազի շուրջ բանակցությունները նորից փակուղում են

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Ուկրաինայի ՔՕ և Քրեկան դատավարական օրենսգրքում ազգային անվտանգության, հանրային անվտանգության հիմքերի դեմ և կոռուպցիոն հանցագործությունների առանձին տեսակների համար պատժի անխուսափելիության վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Այդ մասին ինքը Պորոշենկոն հայտարարել է Twitter-ի իր միկրոբլոգում, նշելով, որ «օրենք է ստորագրել, որը թույլ կտա «դատի տալ Յանուկովիչին»:

Օրենքը, մասնավորապես, նախատեսում է, որ իրավապահ մարմիններից թաքնվող կասկածյալին հեռակա են դատելու՝ դատապաշտպանի մասնակցությամբ:

«Վաղվանից մեր դատախազությունը, քննչական մարմիններն ու դատարանները վերջապես հնարավորություն կստանան բաց նիստում մեղադրյալի աթոռին նստեցնել և պատասխանատվության ենթարկել նրանց, ով թալանել է մեր ժողովրդին, համապատասխան քայլեր ձեռնարկել նրանց գույքի հանդեպ, եթե այն ձեռք է բերվել անազնիվ միջոցով, կալանքի տակ դնել նրանց հաշվեհամարները: Որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկվեն այն իրադարձությունների համար, որ հրահրել են Ուկրաինայում: Որպեսզի նրանք ըստ Սահմանադրության, միջազգային իրավունքի, արժանին ստանան այն ոճրագործություների համար, որ կատարել են Ուկրաինայի ժողովրդի դեմ»,-մեջբերել է Պորոշենկոյի խոսքը մամուլի ծառայությունը, գրում է ՌԲԿ-ն:

Մոտալուտ ձմռան շեմին առավել ակտուալ են դառնում ռուս-ուկրաինական տարաձայնությունները գազի հարցում: Ռուսաստանը կարող է բացել գազի խողովակն Ուկրաինայի համար և ձմռան ընթացքում մինչև 5 մլրդ խմ գազ առաքել 385 դոլարով: «Սակայն դրա համար մեր հարևանները պետք է ոչ միայն պարտքերը մարեն, այլ նաև երաշխավորեն կայուն տարանցումը դեպի ԵՄ երկրներ»,-գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Կիևը հայտարարում է, որ պատրաստ է ժամանակավոր համաձայնագիր կնքել ռուսական գազի առաքումների շուրջ: Ըստ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի, կա գազի հարցի լուծման երկու տարբերակ: Առաջինը՝ Ստոկհոլմի արբիտրաժի միջանկյալ որոշում ստանալն է, որով կորոշվի գազի գինը, առաքման պայմաններն: Վերջնական տարբերակը հնարավոր կլինի ստանալ նոյեմբերին: Երկրորդ տարբերակը, ասել է Յացենյուկը, ժամանակավոր համաձայնագրի կնքումն է: «Մենք պատարստ ենք ստորագրել, նշում եմ, ժամանակավոր համաձայնագիր: Գնի և առաքման պայմանների հարցում վերջակետ կդնի դատարանը»:

Ժամանակավոր համաձայնության ստորագրման դեպքում, ասել է վարչապետը, կառավարությունն արդեն իր հաշիվներում կուտակել է 3,1 մլրդ ԱՄՆ դոլար առաքված գազի ու նոր առաքումնեի վճարման համար: Ըստ Յացենյուկի, ուկրաինական գազապահեստարաններում կուտակվել է 17 մլրդ խմ գազ: Կառավարությունը նաև աշխատում է ուկրաինական ՋԷԿ-ին մազութ մատակարարելու ուղղությամբ, հայտնում է կառավարության կայքը:

Սակայն Կիևը պարտք է արդեն իսկ ստացած գազի համար 5,3 մլրդ դոլար: «Ինչ միջոցներից է Ուկրաինան այն մարելու, դեռ ոչ ոք չգիտի: Անհասկանալի է նաև, թե որ փողերով է Ուկրաինան կանխավճար մուծելու նոյեմբերին «Գազպրոմից» ակնկալվող 2 մլրդ խմ գազի համար»,-գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ավելի վաղ Բրյուսելն առաջարկել էր հետևյալ տարբերակը՝ եվրոպական ընկերությունն է գնում գազը, հետո վերաարտահանում Ուկրաինա, սակայն Մոսկվան մերժեց այդ տաբերակը: