Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ Ելիսեյան պալատում: Ինչպես տեղեկացնում է France-Presse-ը, հանդիպման նպատակն է օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունից հետո երկխոսության վերականգնումը: Բացի այդ, Օլանդը նաև առանձնազրույցներ կունենա երկու երկրի ղեկավարների հետ։
Հուլիսի 28-ից ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների էր դիմել թե հայ-ադրբեջանական սահմանին, թե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցել են հայկական կոմի կորուստները:
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Մայիսին տարածաշրջան այցի ժամանակ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ պատրաստ է իր երկրում ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ու ՄԽ համանախագահներին։ Այն մասին, որ Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերին Փարիզումկհանդիպի նախագահներ Սարգսյանին ու Ալիևին, սեպտեմբերի սկզբին հայտարարել էր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն։
Դեսպանը նաև նշել է, որ հանդիպմանը քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներն ու խաղաղ գործընթացի խնդիրները:
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել էին սեպտեմբերի 4-ին՝ Ուելսում։ Հանդիպմանը մասնակցել էին նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նշվել էր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղ պայմանագրի անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել էին բանակցային ներկա փուլին ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև իրենց դիրքորոշումը ներկայացրել բանակցային գործընթացի վերաբերյալ: