15 հունիսի 2006 - 14:44 AMT
Բրյուսելում կայացել է Հյուսիս-ատլանտյան խորհուրդ-Հայաստան հանդիպումը
ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ Սերժ Սարգսյանն ու Վարդան Օսկանյանը մասնակցեցին Հյուսիս-ատլանտյան խորհրդի եւ Հայաստանի (26+1 ձեւաչափ) հանդիպմանը Բրյուսելում: Հանդիպումը նվիրված էր Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման ընթացքի քննարկմանը` հիմնված մայիսի 18-19-ին ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի պատվիրակության կողմից կատարված ԱԳԳԾ-ի միջանկյալ գնահատման արդյունքների վրա: ՀՀ պաշտպանության ու արտաքին գործոց նախարարները հանդես եկան զեկույցներով, անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման խնդիրներին, ԱԳԳԾ-ի իրագործման նպատակով ծրագրած միջոցառումներին եւ դրանց իրականացմանը:

Հյուսիս-ատլանտյան խորհրդի անդամ պետությունների դեսպանների ելույթներում գնահատականներ տրվեցին ԱԳԳԾ դրույթերի կատարման ուղղությամբ Հայաստանի առաջընթացին` ուշադրություն դարձնելով Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին որպես անվտանգության երաշխիք, պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության ընդլայնման հարցերին: Այնուհետեւ նախարարները պատասխանեցին բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններին, անվտանգության բաղադրիչներին, տարածաշրջանային խնդիրներին ու էներգետիկ անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման ներկա զարգացումներին, ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: