Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հերթական նիստին առաջարկել է փոփոխություններ իրականացնել գործադիրի կառուցվածքում և միավորել արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները: Ինչպես ավելի ուշ նշել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, նախագիծը պետք է ճանաչել անհետձգելի և ներկայացնել Ազգային ժողովի հաստատմանը:
Հիշեցնենք, որ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հոկտեմբերի 16-ին ներկայացրած հրաժարականից հետո ՏԿ նախարարության նոր ղեկավար դեռ չէր նշանակվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ղեկավարում է Արմեն Երիցյանը, որն ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է՝ եթե իրենց հանձնարարեն, ապա կղեկավարեն.
«Եթե ոչ, ուրեմն՝ ոչ»,- ասել է Երիցյանը:
Պատասխանելով հարցին, թե եթե իրեն առաջարկեն ղեկավարել միավորված նախարարությունը, կհամաձայնի՞, պատասխանել է, որ կմտածի:
Ի պատասխան հարցի, թե որքանով են համատեղելի այս երկու նախարարությունները, նախարարն ասել է. «Կարծում եմ, որ համատեղելի են, որովհետև ԱԻՆ-ն իր գործառույթները կատարում էր և միացումից հետո համատեղ աշխատանքները կկատարվեն: Հիմնականում փրկարարները աշխատում են մարզերում՝ հիդրոմետ, սեյսմիկ ծառայությունները, մշտապես գործակցում են»,- նշել է նա:
Կառավարության ղեկավարը նաև առաջարկել է ստեղծել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, գրում է Tert.am-ը:
Ավելի վաղ լրատվականն իր աղբյուրներին հղումով գրել էր, թե նորաստեղծ նախարարությունը կղեկավարի ֆինանսների նախկին նախարար, վարչապետի ներկայիս խորհրդական Վաչե Գաբրիելյանը։
Նորաստեղծ նախարարությունը հիմնականում զբաղվելու է Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցերով: Ըստ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, այն կզբաղվի նաև Հայաստան-ԵՄ գործակցության նոր օրակարգի մշակմամբ, հատկապես տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ նոր որակի և նոր տեսակի հարաբերությունների հաստատմամբ: