19 հունիսի 2006 - 19:42 AMT
Աշնանը Չեխիայի Սենատում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի պատվիրակության հետ: Ա. Ռուստամյանը կարեւորեց երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը` ընդգծելով երկկողմ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը արդյունավետ կարող է լինել ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ մշակութային ոլորտներում համագործակցության առումով:
Իր հերթին Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռոստիսլավ Սլավոտենիկը նույնպես կարեւորեց քաղաքական, միջխորհրդարանական եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը, համագործակցությունը իրավապայմանագրային դաշտում: Հանձնաժողովի անդամ Յարոմիր Շտետինան նշեց, որ իր եւ Չեխիայի հայ համայնքի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հովանավորությամբ երկու ամիս առաջ Սենատում կազմակերպվել է 1915 թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս: Պատգամավորը հույս հայտնեց, որ աշնանը Չեխիայի Սենատը կընդունի հայոց ցեղասապնությունը ճանաչող հայտարարություն:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ԵՄ հնարավոր անդամակցությանը, ապա Ա. Ռուստամյանը նշեց, որ Եվրամիությունը ոչ թե միայն աշխարհագրական տարածք է, այլ նախեւառաջ արժեքային համակարգ, եւ ԵՄ անդամ դառնալու համար անհրաժեշտ է յուրացնել եվրոպական արժեքները, այս համատեքստում կարեւորելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը, ոչ մի երաշխիք չկա, որ նորից չի կրկնվի այն»,-նշել է Ռուստամյանը: Չեխական կողմը համակարծիք լինելով Արմեն Ռուստամյանի հետ, ավելացրեց, որ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ դեռ 10-15 տարի կշարունակվեն, եւ Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը պարտադիր է, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: