Նավարայի (Իսպանիայի ինքնավար համայնք/մարզ) ներկայացուցիչների խորհուրդը նոյեմբերի 3-ին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և Եվրամիությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արդյունավետ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորման համար։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ հայտարարության, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է պարտադիր մասնակցեն ցանկացած ձևաչափի, որը կարող է վճռորոշ դեր խաղալ երկրի ապագայի համար: Խորհուրդը նաև ողջունում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը։
Նավարայի խորհրդարանի պաշտոնական կայքում նշվում է, որ հայտարարության մասին ծանուցվելու են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), Եվրոպական Միությունը, Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններն ու Լեռնային Ղարաբաղի նախագահն ու խորհրդարանը:
Խոսնակների խորհուրդը խորհրդարանական մարմին է, որտեղ խորհրդարանական խմբակցությունները ներկայացված են իրենց խոսնակներով։ Այն մասնակցում է խորհրդարանի կողմից քաղաքական բանաձևերի մշակմանն ու ընդունմանը և իրավասու է հանդես գալու պաշտոնական հայտարարություններով։
Այս տարի սեպտեմբերինԼՂՀ անկախությունըճանաչել էԲասկերի Երկրի խորհրդարանը: Սեպտեմբերի 12-ին Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Այս մասին հայտնում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը:
Բասկերի Խորհրդարանի ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակի: Այն նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար: Ընդունած փաստաթուղթը շեշտում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններին: