Թուրքիայի ԱԳՆ քաղաքական պլանավորման գծով գլխավոր տնօրեն Ալթայ Չենգիզերը կոչ է արել երկրի իշխանություններին նախապատրաստվել այն իրողությանը, որ միջազգային հանրությունն աննախադեպ ճնշում կգործադրի Անկարայի հանդեպ՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Ես վերադարձել եմ Վաշինգտոնից և տեսել եմ, թե ինչպես է հայ համայնքը պատրաստվում 100-ամյակին: Այդ արշավի նպատակն է վատաբանել ժամանակակից Թուրքիային, թույլ չտալ նրան հաղթահարել անցյալը: Այդ մեղադրանքներն ուղղված են մեր ազգային ինքնության դեմ»,-հայտարարել է դիվանագետը:
Չենգիզերը նշել է, որ պաշտոնական Անկարան մտադիր չէ վերանայել այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը: «Ցեղասպանությունը քաղաքական հայեցակարգ է: Թուրքիան արժանի չէ, որ աշխարհում ընկալվի որպես ցեղասպան երկիր»,-ասել է նա, գրում է NEWSru.co.il-ը:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկն, անդրադառնալով օրակարգի կարևորագույն հարցերին, հայտարարել էր, որ 2015-ի շեմին Թուրքիան մեծ ջանքեր կգործադրի թուրքերի «վատաբանման» դեմ պայքարելու և ամբողջ աշխարհում «ճշմարտությունը» տարածելու համար: Անդրադառնալով հայ համայնքի գործունեությանը՝ Չիչեկն ասել է. «Հայկական սփյուռքը որպես իր գործունեության հիմնական թիրախ ընտրել է տարբեր երկրների խորհրդարանները»:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարեց. «2015 թվականը հատուկ նշանակություն ունի ամբողջ աշխարհի հայության համար:Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ամբողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք: 1915-ի Ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ դրա ոչ համարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, ելույթ ունենալով այս բարձր ամբիոնից, որը ես կկոչեի Պատվո և Պատասխանատվության ամբիոն, բարձրաձայն ասում եմ. Շնորհակալություն Ուրուգվայ, Ֆրանսիա, Ռուսաստան: Շնորհակալություն Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա: Շնորհակալություն Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս: Շնորհակալություն Լիբանան, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան:
Շնորհակալություն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից: Շնորհակալություն ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք վստահորեն ի լուր աշխարհի իրերն իրենց անունով են կոչում: Դա իսկապես խիստ կարևոր է, քանզի ժխտումը ցեղասպանության հանցագործության փուլերից մեկն է»,- ասել է նախագահը:
Արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, այլև ամբողջ առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ազատելով հետագա սերունդներին անցյալի ծանր բեռից: Սարգսյանը նշել է, որ փոխարենը հնչեցվում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահճին, խեղաթյուրում անցյալի իրադարձությունները»,-ասել է նախագահը:
Մայիսին, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում, Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրեց այցելել Երևան 2015-ի ապրիլի 24-ին: «Պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին այցելել Հայաստան 2015 թ. ապրիլի 24-ին և առերեսվել Հայոց ցեղասպանության խոսուն վկայություններին»:
Օգոստոսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը նախագահ Էրդողանին է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015-ի ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: