15 նոյեմբերի 2014 - 11:04 AMT
Ըստ քննչական խմբի, Հայրապետյանի և Ռահիմովի գործողությունների հետևանքով վնասը կազմել է մոտ 120 մլրդ ռուբլի

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովի և գործարար Լևոն Հայրապետյանի գործողությունների հետևանքով վնասը կազմել է մոտ 120 մլրդ ռուբլի:

Ըստ «Նորությունների ռուսական ծառայության», այդ մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է այդ գործը վարող քննչական խմբի ղեկավար Ալեքսեյ Վեսելյևը Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանում: Ըստ նրա, 6 տարի շարունակ ֆինանսական մեքենայություններ են իրականացվել: Քննությունը գտնում է, որ ընկերության բաժնետոմսները 2009-ին միտումնավոր ցածր գնով են վաճառվել:

Ավելի վաղ Մոսկվայի Վճռաբեկ դատարանը ապօրինի էր համարել «Բաշնեֆտ» ընկերության սեփականաշնորհումը: Ինչպես ասվում է դատավճռում, գործարքն ապօրինաբար իրագործել են մարդիկ, որոնք իրավունք չունեին օտարելու սեփականությունը:

Հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ:

Հոկտեմբերի 3-ին Հայրապետյանի խափանման միջոցը փոխվեց, այժմ նա տնային կալանքի տակ է: Գործարարը հայտարարում է, որ բոլոր կասկածներն իր հասցեին անհիմն են: