2015-ին Երևանում անցկացվելու է օլիմպիադա, որին պետք է մասնակցեն են հայ աշակերտներ աշխարհի տարբեր երկրներից: Ստամբուլի հայկական կրթօջախներից ևս սաներ են ժամանելու Երևան:
Սակայն թուրքական կառավարությանը մոտ կանգնած Sabah պարբերականին հղումով Ermenihaber-ը գրում է, որ երկրի կրթության նախարարությունից «գաղտնի» մակագրությամբ հատուկ հրահանգ է ուղարկվել բոլոր նահանգային կառույցներին այն մասին, որ բացառվի 2015-ին Ստամբուլից Երևան մեկնելիք հայ սաների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք որևէ միջոցառման:
Ավելի վաղ` նոյեմբերի սկզբին, թուրք լրագրող և BengüTürk հեռուստաընկերության տնօրեն Մուրադ Իդեն խստորեն քննադատել է Արցախ այցելող թուրք լրագրողներին և նրանց մեղադրել «եղբայրական Ադրբեջանին դավաճանելու համար»:
«2015-ի շեմին ենք:Հայաստանն ու հայկական լոբբին, հայկական սփյուռքն ու կազմակերպությունները պարապ չեն մնում: 1915-ի դեպքերի տարելիցին գուցե և ամբողջ աշխարհը ոտքի կանգնի… Իսկ մենք ի՞նչ ենք անում կամ ի՞նչ ենք անելու»,- գրել է նա` հավելելով, որ բավական չէ այն հանգամանքը, որ Թուրքիան այնպիսի իշխանություն ունի, որը դեմ չէ Հայաստանի հետ սահմանները բացելուն, անգամ կան լրագրողներ, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղ:
Մուրադ Իդեն ավելի վաղ հայտարարել է, թե հայերը սիրիական Քոբանին համեմատում են Արցախի հետ, սակայն թուրք լրագրողները չպետք է մոռանան Խոջալուն:
«Այդ ամենը քիչ էր, ռեժիսոր Ֆաթիհ Աքինը որոշել է ֆիլմ նկարահանել՝ նվիրված ցեղասպանությանը: Նա չի ամաչում հայտարարել, թե հայերը վաղուց էին թուրքերից նման ֆիլմ սպասում», - գրում է Իդեն՝ նշելով, թե թուրք ռեժիսորը չպետք է մոռանար Խոջալուն: