22 նոյեմբերի 2014 - 13:29 AMT
Հրադադարի խախտման դեպքերը կրկնապատկվել են. Ավելի քան 13.000 կրակոց մեկ շաբաթում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 13.000 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նոյեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր մոտ 800 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 7000 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող ՄԻ-24 ուղղաթիռը:

Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուի դիերի մնացորդները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր, այդ թվում՝ սև արկղը:

Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը 2 զինվոր է կորցրել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանն ու լեյտենանտ Ազատ Սահակյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:

Կարդացեք նաև՝ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը տարհանվել են, հակառակորդը զոհեր ունի