22 նոյեմբերի 2014 - 22:05 AMT
ԼՂՀ վարչապետ․ Հայկական զինուժն ի վիճակի է ավելի բարդ օպերացիաներ իրագործել

Հայոց բանակի արժանապատվության հարցն էր վերադարձնել ուղղաթիռի զոհված անձնակազմի անդամների մարմինները։ Այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը՝ հավելելով, որ միջազգային հումանիտար իրավունքը չհարգվեց ու չկիրարկվեց Ադրբեջանի կողմից, իսկ միջնորդներն ու համապատասխան միջազգային հումանիտար կառույցները չկարողացան ապահովել դրա կիրարկումը, գրում է Tert.am-ը:

«Հայոց բանակն ի վիճակի է հակառակորդին պարտադրել խաղի կանոններ՝ հերթական անգամ հիշեցնելով, որ կամակոր և ֆաշիստական վարքը կարող է դրսևորվել միայն հայտարարությունների մակարդակում»,- նշել է Արցախի կառավարության ղեկավարը:

Արա Հարությունյանի խոսքով, հայկական կողմը միշտ կողմ է արտահայտվել խնդիրների խաղաղ լուծմանը, սակայն հաշվի առնելով հակառակորդի տեսակը՝ երբեք չի կորցրել զգոնությունն ու ռազմական պատրաստականությունը:

«Դա վերաբերում է ուղղաթիռի ցավալի դեպքին ևս: Սկզբում փորձեցինք առանց ուժ կիրառելու դուրս հանել օդաչուների մարմինները, որպեսզի խուսափեն մեր զինվորների կյանքը հարվածի տակ դնելուց, ինչպես նաև` ավելորդ լարում ստեղծելուց, սակայն Ադրբեջանը փորձեց օգտագործել այդ հանգամանքը՝ էլ ավելի լկտի վարք դրսևորելով: Այդ պատճառով կիրառեցինք մեր այլընտրանքային միջոցը, և հայ զինվորը վերստին գերազանց կատարեց իր առջև դրված խնդիրը»,- նշել է նա:

ԼՂՀ զինված ուժերը ստիպված են եղել նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության դիմել: Արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուի դիերի մնացորդները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը 2 զինվոր է կորցրել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: Ավելի ուշ ԼՂՀ նախագահի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:

ԼՂՀ վարչապետի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն առնվազն` արհամարհվեց Բաքվի կողմից։ Անդրադառնալով ԼՂ Պաշտպանության բանակի մարտունակությանը, նա նշել է, որ այն կասկածից դուրս է, ինչն ապացուցվել է նաև օգոստոսյան դեպքերի և վերջին զորավարժության ժամանակ:

«Համոզված եմ՝ հայկական զինուժն ի վիճակի է շատ ավելի բարդ օպերացիաներ իրագործել, սակայն այս մեկի առանձնահատկությունն այն էր, որ անհրաժեշտություն կար հայ զինվորականների մարմինները վերադարձնել, ինչը բանակի համար նաև արժանապատվության հարց էր: Այդ տեսանկյունից դիրքերում կանգնած տղաներն իրենց խոցելի չեն զգա ուղղաթիռի անկման հետևանքով»:

Դեպքից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել էր, որ ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում, ականապատ տարածքում, ինչպես նաև կոչ արել կողմերին դադարեցնել վայրի գնդակոծությունը և նպաստել տարածքի ականազերծմանը: Բայց Ադրբեջանը ոչ միայն չէր դադարեցնում կրակը, այլև թույլ չէր տվել ԵԱՀԿ ներկայացուցիչներին նաև զինադադարի ռեժիմի խախտման դիտարկում անցկացնել ուղղաթիռի խոցման վայրում: Իմիջիայլոց, դեպքի վայրն օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես՝ Ժնևի կոնվենցիայի դրույթներին, այլև ոտնահարում տարրական բարոյականության ու խղճի սկզբունքները:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է արդյոքառաջարկ արվի սրբադասել Արցախյան պատերազմի զոհերին, Հարությունյանը նշել է, որ պաշտպանության համար գիտակցված մահվան գնացածներն առավել ևս արժանի են անմահության՝ սրբադասման միջոցով` նույնպես:

«Կուզենայի, որ ըստ արժանվույն գնահատեինք առաջնահերթորեն հայի այն տեսակը, որը հետևյալ սկզբունքով մեկնեց Վարդանանց սրբազան պատերազմին՝ «չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»,- նշել է նա՝ համոզմունք հայտնելով, որ արցախյան գոյապայքարի նահատակների սրբադասման օրն էլ է գալու:

Նոյեմբերի 11-13-ն անցած Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովին հաստատվել է հայ եկեղեցու սրբադասման ծիսակարգը և արարողակարգը:

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվել է կատարել 2015-ի ապրիլի 23-ին՝ Մայր աթոռում: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվել է ապրիլի 24-ը։

Կարդացեք նաև՝ ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը տարհանվել են, հակառակորդը զոհեր ունի