Վրաստանի իշխանությունները կբարձրացնեն երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցն այն դեպքում, եթե դա նպաստի աբխազական հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Ըստ դիվանագետի, վրացական և ռուսական կողմերը բանակցություններ չեն վարել այդ հարցի շուրջ: Անհյատ է նաև, թե երբ տեղի կունենա հերթական հանդիպումը ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ:
Ելնելով ստեղծված իրավիճակից, Կարասինի հետ երկխոսության շարունակությունն այս փուլում արդյունք չի տա, նշել է Աբաշիձեն, հայտնում է «Գրուզիա- Online»-ը:
Իր հերթին, ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը հայտարարել է, որ Թբիլիսին երբեք դեմ չի եղել Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսմանը, գրում է «Կոմերսանտը»:
Միևնույն ժամանակ, նշում է պարբերականը, հավանաբար, Թբիլիսին «կողմ էլ չի եղել, քանի որ այդ ճանապարհը մինչ օրս չի գործում, թեև կառուցվել է դեռ Ստալինի օրոք և այն հիմա պետք է վերագործարկել, ոչ թե նորից կառուցել»:
Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ավարտին հայտարարեց, որ Ռուսաստանը և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության մասին: «Հնարավոր ենք համարում միասին մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագիծը»,-ասել է Պուտինը լրագրողներին:
Հոկտեմբերին ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտարարել էր, որ աբխազական երկաթուղու բացման շուրջ գաղտնի բանակցություններ են ընթանում: Վրացական կողմն ի դեմս վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլիի և էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի, հերքել է Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսման որևէ գործընթացի առկայությունը:
Ընթերցեք նաև. Սուխումի. Երկաթուղին կարող է գործարկվել, եթե Աբխազիան Վրաստանի հետ սահմանին մաքսակետ ունենա