23 հունիսի 2006 - 19:44 AMT
Գերմանացի հեռուստալրագրողները Լեռնային Ղարաբաղի մասին երկու ֆիլմ են նկարահանում
Լեռնային Ղարաբաղում գտնվող գերմանացի հեռուստալրագրողներ պատրաստվում են երկու կարճամետրաժ ֆիլմ նկարահանել երկրի կյանքի եւ մարդկանց մասին: Առաջին ֆիլմը նվիրված կլինի Ղարաբաղյան պատերազմի կին զինվորներին, իսկ երկրորդը` Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնմանը: Արցախի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում հեռուստալրագրող Թոմաս Այբերգը նշել է, որ ֆիլմերը կցուցադրվեն գերմանական երկու հայտնի հեռուստաալիքներով: «Մեր հեռուստադիտողների ցանկություններից մեկն էր իմանալ, ինչպես եւ ինչով են ապրում Լեռնային Ղարաբաղում, ինչպես են հաղթահարում դժվարությունները»,- ասել է Թ. Այբերգը:

Այցելության ընթացքում գերմանացի հեռուսատալրագրողները հանդիպել են ԼՂՀ պաշտոնատար անձանց հետ, Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների, երիտասարդության ներկայացուցիչների հետ, եղել են Ռազմական փառքի եւ անհայտ կորածների թանգարանում: Ֆիլմում կօգտագործվեն նաեւ փաստագրական կադրեր` ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակներից, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: