
Նոյեմբերի 25-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀԱզգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին: ԱԺ-ից հայտնում են, որ անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին, Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է` այսօր այդ հարաբերությունները հասել են առանձնահատուկ մակարդակի՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների միջև առկա պատմամշակութային բազմադարյան կապերը: Նա նշել է նաև, որ երկու երկրներն իրար կապող ամուր կամուրջ է նաև Ֆրանսիայի մեծ ու ազդեցիկ հայկական համայնքը:
ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ 1992-ի փետրվարին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ծավալված բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը կայուն հիմք է տնտեսական, մշակութային, կրթական, գիտական և այլ բնագավառներում սերտ և արդյունավետ գործակցության համար: Գալուստ Սահակյանը մեկ անգամ ևս փաստել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ծանրակշիռ դերը միջազգային ասպարեզում, մասնավորապես, նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Խոսելով Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Խորհրդարանի նախագահը մտահոգություն է հայտնել, որ նույն մոտեցումները չի կիսում Ադրբեջանը՝ ամեն կերպ փորձելով տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և տարածաշրջանը պահելով լարված վիճակում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի մասին՝ այդ սադրիչ գործողությունները որակելով որպես զինադադարի կոպիտ խախտում: Նա հավելել է, որ մարդկային կյանքեր խլած այդ գործողությունը պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից:
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող ՄԻ-24 ուղղաթիռը: Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուի դիերի մնացորդները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր, այդ թվում՝ սև արկղը: Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը 2 զինվոր է կորցրել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:
Գալուստ Սահակյանը Ֆրանսիայի Սենատի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015-ի ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատի նախագահը հետևողական կլինի Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի նոր նախագծի ներկայացման և դրա ընդունման հարցում:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը հանդիպել է նաև Ֆրանսիայի տնտեսապես առավել զարգացած տարածաշրջանի` Օ-դը-Սենի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի հետ: Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաև Փարիզի հայ առաքելական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Այնուհետև Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Փարիզի Երևանյան այգում, որտեղ պատվիրակության անդամները ծաղիկներ են տեղադրել Կոմիտասի արձանի առջև:
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արա Բաբլոյանը, Կարեն Ավագյանը և Արմեն Ռուստամյանը:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 23-ին ներկա է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 2014թ. դրամահավաք-հեռախոսամարաթոնի (ֆոնետոն) փակման արարողությանը: ՀՀ ԱԺ նախագահին ուղեկցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Ռուստամյանը 7 Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: