Հայկական լավաշը վերջապես ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում. դեռ 2013-ին Հայաստանի ներկայացրած հայտն անցել է անհրաժեշտ բոլոր փուլերը, ստուգումներն ու փորձությունները՝ ստանալով դրական եզրակացություն:
Որոշումն ընդունվել է նոյեմբերի 26-ին՝ Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվեց հայկական ևս մեկ` չորրորդ մշակութային արժեքով:
Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից։
Հին ժամանակներում առավելապես Հայկական լեռնաշխարհի երկրներում երկար ժամանակ թարմ հաց ունենալու համար ստեղծվեց լավաշը։ Գաղափարն այն էր, որ սովորական հացը թխելուց հետո կարելի է օգտագործել շատ սուղ ժամանակաընթացքում, իսկ լավաշը պատրաստելուց հետո կարելի է երկար պահել, և այն չի փչանա։Ալյուրից, գոլ ջրից, խաշից (ավանդաբար հայկական թթխմորից) և աղից լավաշ պատրաստելու համար խմորը հունցում են ու դնում տաք տեղ խմորման համար։ Խմորումն ավարտելուց հետո խմորը բաժանում են 300-400 գրամանոց գնդերի և գրտնակով բացում 3-4 մմ հաստության երկար և լայն թերթիկների։ Լավաշ թխելիս, խմորի գունդը սկզբում գրտնակում են, հետո օդի մեջ, մի ձեռքից մյուսին գցելով, քաշում-ձգում-բացում են։Լավաշի չորանալուց հետո նրա վրա ջուր են ցանում, և այն փափկում է ու նորից դառնում օգտագործման ենթակա։
Լավաշ, հայերի հիմնական հացն է։ Այնառավելապես տարածված է Հայաստանում, Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և կովկասյան ու արևելյան այլ երկրներում։
1988-ին «Հայֆիլմում» նկարահանվել է «Կախարդական լավաշը» անիմացիոն ֆիլմը։