27 նոյեմբերի 2014 - 13:59 AMT
Հայ խաղաղապահները մեկնել են Լիբանան

Նոյեմբերի 26-ի երեկոյան Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել և արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը:

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:

Հայկական խաղաղապահ ստորաբաժանման Լիբանան ճանապարհման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլին:

Այն մասին, որ հայ խաղաղապահներ կտեղակայվեն նաև Լիբանանում մասնավորապես ասել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին իտալական Corriere della Serra թերթին տված հարցազրույցում: Նախագահն այն ժամանակ նշեց, որ ՀՀ կառավարությունը մշտապես սատարել է տարածաշրջանային կայունացմանն ուղղված խոշոր կոալիցիաների ջանքերին:

ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժերը» (ՅՈՒՆԻՖԻԼ) տեղակայվեցին Լիբանանի հարավում 1978 թվականին, Իսրայելի ներխուժումից հետո: Մանդատով նախատեսվում է մինչև 15 հազար խաղաղապահների տեղակայում, այսօրվա դրությամբ Լիբանանում ծառայում է մոտ 10 հազար զինվորական, այդ թվում 1000 նավաստի: Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում և ներկայումս առաքելություն են իրականացնում ևս երկու երկրում` Աֆղանստանում և Կոսովոյում, ավելի վաղ՝ նաև Իրաքում: