Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Արմեն Երիցյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից և նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար:
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Երիցյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը նշել է, որ միավորված նախարարության ղեկավարի պաշտոնում Արմեն Երիցյանին նշանակելու հարցում հաշվի է առնվել նրա հարուստ աշխատանքային փորձը և անցած ճանապարհը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ նախարարությունում առկա է մեծ ներուժ և հետագայում կարձանագրվեն լուրջ արդյունքներ:
Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ ամեն ինչ կանի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:
Քաղաքական գործիչ, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Հենրիկի Երիցյանը ծնվել է 1960-ի դեկտեմբերի 25-ին, Երևանում: 1982-ին եղել է ՀՀ ոստիկանության Խորհրդային շրջգործկոմի ՆԳ բաժնի պետ, ապա՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, 2001թ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, 2003թ.՝ ոստիկանության պետի տեղակալ, 2008թ.՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, 2010թ.՝ հունվարի 15-ից 2012թ. մայիսի 31-ը՝ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, 2012թ. հունիսի 4-ին, 2013թ. ապրիլի 22-ին և 2014թ. ապրիլի 18-ին վերանշանակվել է ԱԻ նախարարի պաշտոնում։ Դասավանդում է Երևանի պետական համալսարանում։