2 դեկտեմբերի 2014 - 17:55 AMT
ՌԴ-ն ԵԱՀԿ-ից կպահանջի արգելել ապօրինի պետհեղաշրջումները

Ռուսաստանը դեմ է ապօրինի պետական հեղաշրջումներին և մտադիր է դրանց արգելման հարցը բարձրացնել ԵԱՀԿ-ում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Ըստ դիվանագետի, Մոսկվան ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի քննարկման է ներկայացրել «հակասահմանադրական պետական հեղաշրջումների անթույլատրելիության, նացիզմի նոր դրսևորումների և քաղաքացիություն բացակայության դեմ պայքարի մասին» որոշման նախագիծը:

Նախարարական հանդիպումը տեղի կունենա շվեյցարական Բազելում դեկտեմբերի 4-5-ը:

Լուկաշևիչը հույս է հայտնել, որ փաստաթուղթը աջակցություն կստանա: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ընթացիկ պայմաններում նման սուր հարցերի քննարկումն արդիական է ինչպես երբեք, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բացի այդ, Ռուսաստանն առաջարկում է վերլուծել միջազգային մոտեցումները ընտրությունների դիտարկմանը: Մոսկվան կոչ է անում հաջորդ տարի սեմինար անցկացնել՝ նվիրված քվեարկությունների կազմակերպման ոլորտում ԱՊՀ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և ԵԽԽՎ մեթոդաբանության համեմատական վերլուծությանը:

ՌԴ-ն նաև համատեղ աշխատանքի ակնկալիք ունի եվրոպական անվտանգության ապագայի առումով: Ռուսաստանն, ըստ Լուկաշևիչի, սատարում է ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի «Իմաստունների խումբ» հիմնելու նախաձեռնությանը, որը կզբաղվի Եվրոպայում անվտանգության վտանգների հաղթահարման ուղիների որոնմամբ: Մասնավորապես, Մոսկվան պատրաստ է այդ խումբ գործուղել ԵԱՀԿ-ու իր ներկայացուցչին:

Ըստ Լուկաշևիչի, այդ ուղղությամբ աշխատելու բոլոր մասնակից երկրների պատրաստակամությունը հաստատող կարևոր ազդակ կլինի հռչակագրի ընդունումը Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակի կապակցությամբ: «ԱԳՆԽ փաստաթղթերի թվում առաջնային ենք համարում «Հելսինկի+ 40» և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի մասին հռչակագրերը:

Ռուսական կողմը նաև կսատարի Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված միջոցառումների հնարավոր ներառմանը ԵԱՀԿ 2015-ի ծրագրում:

Հելսինկյան ակտը, որը ԵԱՀԿ աշխատանքի հիմքն է կազմում, ստորագրվել է 1975 թվականին: Ավելի վաղ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը հայտնեց, որ խոսքը չի գնում Հելսինկյան ակտի վերանայման մասին:

Ընդհանուր առմամբ Մոսկվան պատրաստ է աշխատել ԵԱՀԿ ԱԳՆԽ փաստաթղթերի վրա Բազելում բոլոր ուղղություններով, ասել է Լուկաշևիչը:

ԵԱՀԿ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ահաբեկչության, թմրանյութերի ապօրիի շրջանառության և այլ անդրազգային սպառնալիքների դեմ գործնական պայքարին, գտնում է Լուկաշևիչը: Նա կոչ է արել «գործնականում կյանքի կոչել» ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին ԵԱՀԿ ռազմավարական փաստաթղթերը, որ ընդունվել են դեռ 2012-ին:

Նա նշել է նաև, որ կազմակերպությունը պետք է ուշադրություն դարձնի նաև «Հարավային Միջերկրածովային տարածաշրջանի մարտահրավերներին»: