4 դեկտեմբերի 2014 - 17:48 AMT
ՀՀ-ի` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը վավերացվել է. Մնում է նախագահը ստորագրի

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Առավոտից խորհրդարանը շարունակել է նախօրեին ընդհատված քննարկումները: ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն իր ելույթում նշել է, թե պետք չէ գերագնահատել ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի որոշման պատմական նշանակությունը:

«Պետք է հաշվի առնել, որ տեղի ունեցածը ժամանակավոր հանգրվան է՝ պայմանավորված նախորդ 2 տասնամյակում մեր երկրում և աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված զարգացումներով, որպես դրանց օբյեկտիվ հետևանք: Որևէ դաշնակցություն՝ որևէ կառույցի շրջանակում, ժամանակավոր միջոց է՝ առաջ մղելու մեր ազգային շահերը, և այս հարցում տաբուներ չկան և երբևէ լինել չեն կարող»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով այս հարցի շուրջ քննարկումներին՝ նա առաջարկել է ծայրահեղ գնահատականներ չտալ, և հայ ժողովուրդն էլ կանգնած չէ քաղաքակրթական ընտրության առջև, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Պատգամավորն առաջարկել է չմոռանալ, որ այս նախաձեռնությանը նախորդել են հայ-թուրքական արձանագրությունները, նախաձեռնություն, որը ՀՀ ապաշրջափակման նպատակ էր հետապնդում:

«Ցավոք, պետք է ընդունել, որ միջազգային հանրությանը չհաջողվեց Թուրքիայի վրա ճնշում գործադրել ՝ բացելու այդ սահմանը, ինչն առավել մեծ մանևրելու հնարավորություն կտար ՀՀ-ին»,- ասել է պատգամավորը, մեջբերում է Tert.am-ը:

ՀԱԿ-ը ևս կողմ է: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե պայմանագիրն ունի եթե ոչ ճակատագրական, առնվազն ռազմավարական նշանակություն:

«Ակնհայտ է, որ Հայաստանն առկա մարտահրավերին դիմագրավելու համար պետք է շարունակի մաս կազմել 1990-ականների հայ-ռուսական մի քանի պայմանագրերի հիման վրա ստեղծված անվտանգության համակարգին: Դրանք են՝ 1992-ի ԱՊՀ արտաքին սահմաների համատեղ պաշտպանության, 1995-ի ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման, 1995-ի ՀՀ-ում ռուսական ռազամական բազայի ստեղծման, 1997-ի Բարեկամության համագործակցության փոխօգնության մասին պայմանագրերը»:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր խոսքում նշել է, թե Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական ձևափոխումների իրողությունների պայմաններում իր տեղն ունենալու խնդրի առջև:

Ըստ պատգամավորի` Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը քաղաքական, տնտեսական, անվտանգության օրակարգային հարց է, հետևաբար հասարակությունը սպասումներ ունի այդ անդամակցությունից, որոնց զգալի մասը դրական է:

«Արտաքին քաղաքական օրակարագին առնչվող յուրաքանչյուր որոշում պետք է բխի Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության գերակայություններից»,- ասել Բիշարյան՝ հավելելով, որ կողմ են քվերակելու:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն էլ իր ելույթում նշել է, թե ԲՀԿ-ն ևս կողմ է ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու մասին պայմանագրին:

«Դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին: Կողմ չենք քվեարկում իշխանությունների կատարած քայլերին: Կողմ ենք քվեարկում տվյալ պահին ՀՀ-ին չվնասելու համար, ապագա հնավարությունների համար, որոնք կարղ են լինել, եթե իշխանությունը համառորեն և մշտապես պաշտպանի ՀՀ շահերը: Իսկ թե երբ դա կլինի՝ կարծում եմ հասկանում են բոլորը»,- ասել է նա՝ նշելով, թե մեր երկիրը կարող է ունենալ տնտեսական օգուտներ ԵՏՄ-ին անդամակցելուց:

Ըստ նրա, ինտեգրացիոն պրոցեսները փոքր և ռեսուրսներով աղքատ պետությունների համար նոր դռներ են բացում, մեջբերում է Panorama.am-ը:

ՀՅԴ անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նկատելով՝ հարցը զգայուն է և պետք է վարվել ժողովրդի փորձի ու իմաստությանը համարժեք:

«Վտանգի ամենամեծ զգացողությունը մեր ժողովրդից լավ ոչ ոք չունի, իր անցած պատմությունով շատ լավ զգում է, բնազդներով, իր ամեն ինչով ու բջիջով: Դրա համար պատահական չէ, որ որևէ լուրջ ընդվզում չկա, հասկանում է՝ ինչ է կատարվում: Ուրեմն վստահենք մեր ժողովրդի պատմական փորձին ու իմաստությանը և վարվենք նույն կերպ»,-հայտարարել է նա:

ՀՅԴ պատգամավորը համաձայնել է, որ կարելի էր էլ ավելի լավ բանակցել, ավելի ամուր դիրքեր ունենալ մինչև այս պահին հասելը:

«Բայց այսօրվա որոշումը պետք է կայացնել ստեղծված իրավիճակում, երբ կանգնած ենք փաստերի ճնշման առջև»,- ասել է նա և բերել երկու հիմնական փաստ՝ Հայաստանը և Ղարաբաղը շրջափակման և պատերազմի մեջ են, և երկրորդ՝ աշխարհը հայտնվել է նոր սառը պատերազմի առաջ:

«Սա մեզ՝ Դաշնակցության համար նախ անվտանգության հարց է, հո պրիմիտիվ անվտանգությունը միայն փամփուշտի քանակը չի: Հետևաբար` այս մարտահրավերը ընդունելով՝ պետք է կարողանանք պահել այն ամենն, ինչ ունենք՝ նաև ժամանակ շահելով, հետագայում կարողանանք սխալներն ուղղել և առաջ գնալ»,-նշել է նա, մեջբերում է Tert.am-ը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե «դեմ» են քվեարկելու պայմանագրին ու նկատել. «Լավ օրից չէ, որ այսօր մեր սահմանին ռուս զինվոր է կանգնած և ռուսական ռազմաբազա ունենք»,- մեջբերում է «Առավոտը»:

Նա ԱԺ ամբիոնից բոլորին կոչ է արել «չապակողմնորոշել մարդկանց և խղճի մտոք» քվեարկել: