28 հունիսի 2006 - 16:09 AMT
ՌԴ ՆԳՆ ղեկավար. Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները ենթարկվում են քրեական ազդեցության
Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիեւը գտնում է, որ հարկավոր է ակտիվացնել համագործակցությունը ՌԴ եւ Հայաստանի միջեւ տնտեսական հանցագործություններին հակազդելու ոլորտում: «Տնտեսական հարաբերությունները մեր երկրների միջեւ գտնվում են քրեական շրջանակների ուշադրության կենտրոնում եւ նրանց ազեդցության տակ»,-ընդգծել է Նուրգալիեւը: Նրա խոսքերով, ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տարեցտարի ընդլայնվում է: «2005 թվականին 2004-ի համեմատ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աճել է 40 տոկոսով: Հայաստանում գրանցված բանկերի կանոնադրական կապիտալի ընդհանուր գումարի մեկ քառորդը բաժին է ընկնում ռուսական կապիտալին»,-հաղորդել է նախարաը:
Նուրգալիեւը հավելել է, որ երկու երկրների իրավապահ գերատեսչությունները տեղեկություններ են փոխանակում այն կազմակերպությունների մասին, որոնք արտաքին տնտեսական գործունեություն են իրականացնում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: «Տնտեսական ուղղվածության բազմաթիվ հանցագործությունների` մաքսանենգության, խարդախության, ապօրինի ձեռներեցության հաջող բացահայտումը Ռուսաստանի եւ Հայաստանի իրավապահ գերատեսչությունների միջեւ տեղեկատվական փոխանակման բարելավման հետեւանք է»,-նշել է ՌԴ ՆԳՆ ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: