Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանինև նրա ընտանիքի անդամներին, հայտնել է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների ու անհետ կորած քաղաքացիների պետհանձնաժողովը:
Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի մերձակայքում, հայտնել է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
Կարմիր խաչի միջազգայն կոմիետի երևանյան գրասենյակում PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել կազմակերպության միջնորդությամբ:
Բազմիցս դատված Եղիշե Գևորգյանն ընտանիքի հետ (կնոջ և երեխաների) փախուստի էր դիմել Ադրբեջան 2010-ի հունվարին՝ թաքնվելով քրեական հետապնդումից: Բաքուն առաջարկում էր փոխանակել նրանց Քելբաջարում 2014-ի ամռանը ձերբակալված դիվերսանտների հետ: Երևանն ու Ստեփանակերտը մերժեցին առաջարկը, երրորդ երկրում նույնպես չեն ցանկացել ընդունել Պետրոսյաններին:
Ավելի ուշ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու դեռևս Գևորգյանների ընտանիքին, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:
Կենտրոնի բուժգծով տեղակալ Ռուբեն Օրգուսյանը փոխնախարարին տեղեկացրել է, որ հայրենադարձվածների նախնական գանգատների հիման վրա ներկա պահին իրականացնում են լաբորատոր-գործիքային հետազոտություններ նրանց առողջական վիճակը գնահատելու համար: Վահան Պողոսյանը հանդիպել է ընտանիքի բոլոր անդամներին, զրուցել ընտանիքի հոր` Եղիշե Գևորգյանի հետ:
Լրագրողներին առողջապահության փոխնախարարը հայտնել է, որ ընտանիքը բժիշկների հսկողության տակ է, իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները և հետազոտությունները: Նախնական տվյալներով` Եղիշե Գևորգյանը 2011թվականին տարել է սրտամկանի ինֆարկտ, ունի թուլություն: Հետազոտությունների արդյունքում կնշանակվի համապատասխան բուժում, ինչի մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից լրացուցիչ կտեղեկացվի:
Հետազոտություններն ու բուժումը, ինչպես նաև սնուցումը կատարվում է պետության կողմից երաշխավորված կարգով` անվճար: