Եվրամիությունը 10 մլն եվրո բյուջեով ծրագրեր կիրականացնի Հայաստանում: Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, համապատասխան 15 պայմանագիր է ստորագրվել, որոնք միտված են քաղհասարակության կազմակերպությունների և տեղական մարմինների, ինչպես նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների աջակցությանը:
Պայմանագրերը կիրականացվեն երկկողմ և տարածաշրջանային գործակցության տարբեր ուղղություններով՝ ներառյալ գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների կառավարումը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, աղքատության կրճատումն ու քաղաքաշինության կայուն զարգացումը:
Ստորագրման արարողությանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ևս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն հաձնառու է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ:
«Եվրամիությունը պատրաստ է ամրապնդել երկկողմ գործակցությունն ընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ հետաքրքրության ուղղություններով»,- նշել է Հրիսթեան:
Առաջիկա 3 տարվա ընթացքում Եվրամիությունը ՀՀ-ին անհատույց 140-170 միլիոն եվրո կտրամադրի` արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու համար: Համապատասխան փաստաթուղթը նոյեմբերի 3-ին Բրյուսելում ստորագրել էին ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Հայտարարվել էր եռամյա ծրագրի առաջին փուլի մեկնարկը, որով ՀՀ-ն ԵՄ-ին 7 մլն եվրո կստանա` փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու, և 12 մլն եվրո` մարդու իրավունքները պաշտպանելու համար: ԵՄ հանձնակատարն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նաև փաստաթուղթ էին ստորագրել, որով Բրյուսելը հավելյալ 25 մլն եվրո կտրամադրի` ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար:
ԵՄ ֆինանսավորման այլ նախաձեռնությունների միջոցով կտրամադրվի տեխնիկանկան աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների բարեփումներին, սկսնակ և գործող արտադրական խմբերի ամրապնդմանն ու գյուղնախարարության ինստիտուցինոալ զարգացմանը: Դրանք կնպաստեն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը՝ ուղղված ԵՄ ոլորտային ծրագրի իրականացմանը:
Պայմանագրերից 4-ը միտված են աղքատության կրճատմանն ու կայուն զարգացմանը, որը կիրականացվի ոչ պետական դերակատարների և տեղական մարմինների միջոցով: Ծրագրերը կնպաստեն գյուղական համայնքների սոցիալական և տնտեսական դժվարությունների նվազեցմանը Շիրակի մարզում, կայուն զբոսաշրջության զարգացմանն ու մեղվաբուծության խթանմանը Վայոց Ձորում, և հանրային ծառայությունների զարգացմանը Ջուջեվանում, Բաղանիսում և Ոսկեվանում:
Մեկ այլ ծրագիր կնպաստի Վայքում և Սպիտակում վերականգնվող և արդյունավետ էներգիայի աղբյուրների իրականացմանը:
Նոր ծրագրերի մեծ մասը կատարվում են «Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ» գործիքի և «Ոչ պետական դերակատարների և տեղական մարմինների զարգացման» թեմատիկ ծրագրի միջոցով հայտարարված գլոբալ և տեղական հայտամրցույթների հրավերների արդյունքում:
Կարդացեք նաև՝ Եվրամիությունը ՀՀ-ին կտրամադրի 140-ից 170 մլն եվրո. Առանձնացվել է ֆինանսավորման առաջնային 3 ոլորտ