22 դեկտեմբերի 2014 - 14:43 AMT
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար. Գարնանը ՀՀ-ԵՄ նոր իրավապայմանագիր կլինի

Հայաստանը 2014–ի ընթացքում հաջողությամբ ավարտել է ինտեգրացիոն գործընթացները. ԵՏՄ-ին անդամակցության հարցը փաստացի վավերացված-ավարտված է, իսկ 2015-ի գարնանը կլինի Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի հենքի վրա Հայաստան-ԵՄ նոր իրավապայմանագիր, որն արդեն բանակցվածից գրեթե տարբերություն չի ունենա:

Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով արտաքին քաղաքական տարին, հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

«Վերջին երկու ամսում մենք ականատես եղանք, որ կա հստակ բանակցային, ձևաչափային գործընթաց Հայաստանի հետ՝ կապված իրավապայմանագրային դաշտի հստակեցման հետ, և այստեղ կարծես թե գործում է այն տրամաբանությունը, ինչի մասին խոսում էինք դեռևս վիլնյուսյան գագաթնաժողովից անմիջապես հետո»,– ասել է նա՝ հավելելով, որ չի կարելի մի կողմ դնել արձանագրված փաստը՝ Հայաստանը հաջողությամբ ավարտել էր Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ, և բանակցային գործընթացին ավելի մեծ արդյունավետություն հաղորդելու համար պիտի հենվի ինչ–որ տրամաբանության վրա:

«Եթե փորձենք բանաձևենք դա հետևյալն է. Ասոցացման համաձայնագրի քաղաքական կոչված հատվածը, ոչ Ազատ առևտրի տնտեսական էլեմենտը, նա կարծես թե, իր ճնշող մեծամասնությամբ որևէ խնդիր չունի, այսինքն՝ արդեն բանակցվածից տարբերություն չունի»,- ասել է քաղաքագետը:

Թե դա ինչպես կկոչվի, նրա գնահատմամբ, կարևոր էլ չէ, կարող է պայմանականորեն կոչվել «Ասոցացում մինուս» կամ «Հայաստան–Եվրամիություն ռազմավարական գործընկերության համաձայնագիր»:

Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին, Կարեն Բեքարյանը ներկայացրել է ապագայի մոդելը՝ ելնելով հետևյալ տրամաբանությունից, որ խնդիրները պայմանականորեն բաժանվում են 3 խմբի. հարցերի բլոկ, որոնցում Հայաստան-ԵՄ տնտեսական գործակցության հարցում խնդիրներ չկան, և սրանք էլ պետք է դառնան Հայաստան-ԵՄ նոր իրավապայմանագրայի մաս, հարցերի խումբ, որտեղ խնդիրներ կան և, հետևաբար, չպետք է ներառվեն նոր փաստաթղթում, և երրորդ խումբ, որտեղ անգամ եթե կան հակասություններ, ապա կա տպավորություն, որ դրանք հաղթահարելի են բանակցությունների ներքո:

«Սա բանակցային տեխնոլոգիան է, և ինձ մոտ տպավորություն է, որ այդ տեխնոլոգիայով էլ շարժվում են, իսկ դա նշանակում է, որ գործընթացը կարող է լինել բավականին արագ: Եվ արագ ասելով ակնկալիք ունենք, որ արդեն 2015–ի գարնանը, կարող ենք որպես այդպիսին ունենալ ԵՄ-ի հետ նոր իրավապայմանագրային ձևաչափ»,- ասել է Կարեն Բեքարյանը:

Ըստ քաղաքագետի՝ եթե Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելով լուծեց «և՛/ և՛» բանաձևի երկրորդ «և»-ի խնդիրը, ապա առաջին «և»-ի հարցում պետք է հասկանալ՝ ինչ ենք անում, ուր ենք գնում: ԵՏՄ-ի անդամակցության և դեպի Արևելք ինտեգրացիոն փուլն արդեն ավարտված է, և ակնհայտ է, որ 2015-ի հունվարի 1-ից գործելու է չորս պետություններով նոր ձևաչափ:

«Մեր լրատվական դաշտը վերջին տասն օրը և դրան նախորդած մեկուկես ամիսը հասցրեց հայտնել, որ հունվարին մեր անդամակցությունը դրվում է հարցականի տակ, էն ժամանակ փորձում էինք ասել, որ մեր, մեր հարգելի գործընկերներ, ցանկացած երկրի պարագայում կա (ԱԺ) արտահերթի (նիստերի) ինստիտուտ»,-նկատել է նա՝ նշելով, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը վավերացված է ինչպես Ղազախստանի երկու պալատների, այնպես էլ Բելառուսի խորհրդարանի կողմից, գրում է Tert.am-ը:

Ըստ քաղաքագետի՝ եթե որևէ այլ մանրամասներ ու անդրադարձ չլինի վաղը՝ դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում կայանալիք ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, ապա հունվարի 2-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ: Հետևաբար, վաղը Մոսկվայում որոշակի տոնական մաս է ակնկալվում և նաև այնտեղ, որոշակի կարևորություն կունենա միաժամանակ ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի ժամանակ մեզ հետաքրքրող որոշ անդրադարձներ ու քննարկումներ կլինեն։

Միևնույն ժամանակ նույն ՀԿ-ի վերլուծաբան Մանվել Ղումաշյանը նշել է, որ Հայաստանը «դատապարտված» է խորացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բանախոսը շեշտել է, որ այս ամենում միանշանակ բացասական երանգներ տեսնելը չափազանց սխալ է, այն առումով, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, և այս տեսանկյունից հայ-ռուսական հարաբերությունների սերտացումը բխում է մեր երկարաժամկետ հեռանկարից: Այս համատեքստում անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը և այդ քայլի շուրջ հնչող տարաբնույթ կարծիքներին, Ղումաշյանը նշել է, որ իհարկե, ներկա պահին Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է ոչ այդքան բարվոք վիճակում, սակայն միայն այդ պատճառով քաղաքական գծի փոփոխությունը սխալ է:

«Այնպես չէ, որ հիմա վատ է, և մենք չպետք է գնանք այդ ուղղությամբ»,-ասել է Մանվել Ղումաշյանը՝ մանրամասնելով, որ մեզ մեծ հաշվով պետք է թե ռազմական և թե տնտեսական առումով ուժեղ Ռուսաստան և Ռուսաստանի կանխատեսելի քաղաքականություն, ինչն այս պահին չկա: Սակայն արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը վաղ թե ուշ կավարտվի և զարգացման հեռանկարները շատ ավելի հստակ կլինեն:

Վերլուծաբանի խոսքով՝ այս համատեքստում ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են կամուրջ դառնալ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում, որտեղ կողմերը կարող են ձգտել միևնույն հայտարարի գալ: ԼՂ հակամարտության սրումը բանախոսը ոչ հավանական է համարում այն առումով, որ չլուծելով Ուկրաինայի հարցը, երկրների ղեկավարները չեն ցանկանա շահերի բախման նոր տեղեր ստեղծել, գրում է Panorama.am-ը: