23 դեկտեմբերի 2014 - 17:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հյուսիսային պողոտան քաղաքային պատմության ամենակարևոր նախագծերից մեկն է. Կանաչապատումը շարունակվելու է

2015-2016 թվականներին քաղաքաշինության ոլորտում սպասում են լուրջ գործողություններ, այդ տարիները լինելու են պրոբլեմների լուծման փուլ: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ ասելով, թե իր պաշտոնավարման 7 ամիսների փուլը պրոբլեմների լուծման վերաբերյալ մշակումների փուլ էր:

Խոսելով խոշոր նախագծերի մասին, և մասնավորապես անդրադառնալով Հյուսիսային պողոտային՝ քաղաքաշինության նախարարն ասել է, թե Հյուսիսային պողոտան ինքը համարում է քաղաքային պատմության ամենակարևոր նախագծերից մեկը:

«Դրա հետ կապված այսօր շատ վաղ է գնահատականներ տալը, մենք այդ գնահատականը կտանք 20-30 տարի հետո: Բոլոր խոշորագույն նախագծերը սկզբում սվիններով են ընդունվում, հետագայում՝ տարիների ընթացքում են դրանց վերաբերյալ ճիշտ գնահատականներ հնչեցվում»,-նշել է Նարեկ Սարգսյանը:

Արձագանքելով հարցին, թե հաճախ են ասում, որ Հյուսիսային պողոտայի շենքերը սեյսմակայուն չեն, Նարեկ Սարգսյանն ասել է՝ «Հյուսիսային պողոտայի սեյսմիկ կայունության վերաբերյալ բոլոր խոսակցություններն անհիմն են, ես դա պաշտոնապես եմ հայտարարում»,- նախարարի խոսքը մեջբերում է Tert.am-ը:

Սարգսյանը հավելել է, որ Հյուսիսային պողոտան ձևավորվել է 12 ճարտարապետի աշխատանքի արդյունքում, բոլորն էլ լուրջ ճանապարհ անցած մասնագետներ են: Իսկ ինքը երկու շենքի հեղինակ է:

Կանաչապատման հետ կապված նախարարը նշել է, որ պողոտայի վերանորոգման ժամանակ տեղադրել են կանաչ հատվածներ, և կանաչապատումը լինելու է շարունակական, գրում է Panorama.am-ը:

Հյուսիսային պողոտան իրար է կապում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը և Հանրապետության հրապարակը։ Երկարությունն ավելի քան 1,5 կմ է։ Պողոտայի կազմի մեջ ենմտնում բազմաբնակարան շենքեր, ռեստորաններ, խանութներ և գրասենյակներ։ Պողոտայի շինարարությունը սկսվել է 2001-ին: Այն շահագործամն է հանձնվել 2007-ին:

Նախարարն անդրադարձել է նաև Կոմիտաս 5ա շենքի խնդրին՝ պատասխանելով հարցին, թե շենքի բնակիչները վստահեցնում են, որ հանդիպելով այն ժամանակվա Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ, վերջինս խոստացել էր, ինչպես բնակիչներն են պնդել, որ Կոմիտաս 5ա շենքը հարակից 5 հարկանի շենքերից բարձր չի լինելու, հիմա 7 հարկանի է կառուցվել, ինչո՞ւ պարոն Սարգսյանն իր խոստումը չի կատարել:

«Ձեր ասածներն իրականության հետ կապ չունեն: Իրականությունը շատ պարզ է` բնակիչների հետ հանդիպել եմ 2011 թվականին, ունեցել են հաստատված նախագիծ 15 հարկանի շենքի: Իմ անձնական ջանքերով այդ նախագիծը իջեցվել է 7 հարկի, երբեք չեմ ասել, որ հավասար է լինելու կողքի շենքերի հետ: 15 հարկանի շենքն իմ օրոք դարձել է 7 հարկանի»,-ասել է Նարեկ Սարգսյանը, մեջբերում է «Առավոտը»:

2013-ի օգոստոսին Կոմիտաս 5 հասցեի բնակիչները մի քանի շաբաթ շարունակ ցույցերի միջոցով պայքարում էին իրենց բակի տարածքի հաշվին կատարվող բազմահարկ շինության շինարարության դեմ:

ՖՈՏՈՇԱՐՔ