25 դեկտեմբերի 2014 - 14:57 AMT
Դրամն ու գները կայունանում են. ՏՄՊՊՀ-ն շարունակում է ուսումնասիրությունները

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պահանջով դեկտեմբերի 25-ին կառավարության նիստին ֆինանսական շուկայում առկա վիճակն ուսումնասիրելու նպատակով ՀՀ նախագահի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ թե՛ ապրանքների գների, թե՛ փոխարժեքի տատանումների տեսակետից ներկայումս առկա է կայուն իրավիճակ:

«Այս պահին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքի գնման ու վաճառքի գների տարբերությունը կազմում են 3-5 դրամ, ինչը պատմական ստանդարտ չափի մեջ է: Շուրջ 94 խանութ դեկտեմբերի 15-16-ին փակված էին ու չէին գործում, որովհետև սպասումներ կային: Հիմա բոլորը վերադարձել են աշխատանքի: Անգամ բոլոր բաց խանութներում մի պահ ապրանքը կար, բայց հստակ գին չկար, դա ևս վերացել է բոլոր տեղերում: Այդ ապրանքները հիմա հստակ գներով են վաճառվում ու փոփոխման ենթակա չեն: Մենք ստացել ենք նաև ՏՄՊՊՀ-ից ամենօրյա դիտանցում, որը կատարվում է մի շարք խոշոր խանութներում, և դրանցում եղած գները զգալիորեն նվազել են ու ունեն կայունացման միտում»,-ասել է նա և հավելել, որ կայունացման միտում կա նաև գազի լցակայաններում:

Վաչե Գաբրիելյանը նաև նշել է, որ աշխատանքային խմբի պահանջով Կենտրոնական բանկը կներկայացնի որոշակի կարգավորումներ, որոնց շնորհիվ փոխարժեքի տատանումները փոքր կլինեն, իսկ ՏՄՊՊՀ-ն կներկայացնի հնարավոր անելիքները գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ոլորտում:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ խումբը պետք է ներկայացնի ֆինանսական շուկայի կարգավորման երկու ծրագիր՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ, գրում է Tert.am-ը:

Անցած շաբաթ դրամը տենդագին ցնցումներ ապրեց՝ կտրուկ անկում գրանցելով և գերազանցելով 9-ամյա վաղեմության ռեկորդը: Կտրուկ արժեզրկումն աժիոտաժ առաջացրեց արժույթի շուկայում, դոլարը գերազանցեց 570 դրամի շեմը: ԿԲ և կառավարության հայտարարություններից հետո շաբաթվա վերջում փոխարժեքը սկսեց նվազել և, կարծես, կայունացավ: Ըստ Rate,am-ի` դեկտեմբերի 25-ի, ժամը 15:00-ի դրությամբ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 454 դրամ, եվրոյինը՝ 553 դրամ, ռուբլունը՝ 8,42 դրամ:

Ինչ վերաբերում է ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված ուսումնասիրություններին, ապա դրանց արդյունքներով դրամի կտրուկ արժեզրկումը լուրջ ազդեցություն է թողել ապրանքների գների մակարդակի վրա, սակայն փոխարժեքի կայունացումից հետո դրանց գները մեծ չափով իջել են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդգծել է, որ դրանք դեռ նախնական արդյունքներն են:

Նա նշել է, որ իրենք ուսումնասիրել են այն ոլորտները, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները.

«Այդ շուկաները վերաբերում են շաքարավազին, կարագին, ալյուրին, ձեթին, կաթնամթերքին, ձվի արտադրությանը, բենզինին և ևս մի քանի ոլորտների: Գնագոյացման հաշվարկներ կատարելու նպատակով մեր հանձնաժողովը տնտեսվարողներից մանրամասն տեղեկատվություն է պահանջել և ուսումնասիրությունները այս պահի դրությամբ ընթացքի մեջ են»:

Նա միաժամանակ հայտնել է, որ Հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում Երևան քաղաքի խոշոր սուպերմարկետներում, իսկ մնացած ապրանքային շուկայի մասով՝ լինի ընկույզ, մսամթերք, խնձոր, այսինքն՝ որտեղ բազմաթիվ տնտեսվարողներ են գործունեություն իրականացնում ու շուկան մրցակցային է, Հանձնաժողովը գների վերահսկման կամ կարգավորման գործառույթ չունի:

Անդրադառնալով բենզինի գներին, Շաբոյանն ասել է, որ այս ուղղությամբ ևս Հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացրել, որոնք մոտենում են ավարտին: Ըստ այդմ՝ հայաստանյան շուկայում բենզինի գները սեպտեմբերից սկսած պարբերաբար նվազել են՝ 470 դրամից հասնելով 440 դրամի (նոյեմբերի կեսերին), խոսքը ռեգուլյար տեսակին է վերաբերվում. «Նոյեմբերի կեսերին 440-ից բենզինի գինը բարձրացել է՝ հասնելով 470 դրամի: Այսինքն՝ այն աճել է 6-7 տոկոսի չափով, այն դեպքում, երբ նոյեմբերի կեսերին փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13%: Եթե փոխարժեքի խնդիրը չլիներ, բենզինի գների շարունակական նվազումը կլիներ ակնհայտ»:

Նրա խոսքերով՝ շատերին հետաքրքրում է, թե ինչու միջազգային շուկայում նավթամթերքի կտրուկ նվազումը չի ուղեկցվում հայաստանյան շուկայում բենզինի գների կտրուկ նվազմամբ:

«Բենզինի գնագոյացման հաշվարկները ցույց են տալիս, որ նավթի արժեքը փոքր տեսակարար կշիռ է կազմում բենզինի գնի մեջ: Դրա տեսակարար կշիռը կազմում է մինչև 10%: Նավթի վերամշակումը բավականին մեծ ծախս է կազմում, որը մեծացնում է բենզինի արժեքը: Բացի այդ, մեր երկրում բենզինի գնի վրա բավականին մեծ կշիռ են կազմում հարկերը»,- ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ այդ երկու գործոնների հետևանքով նավթի մեկ միավոր գնի փոփոխությունը շատ ավելի փոքր ազդեցություն է թողնում բենզինի գների վրա:

Բացի այդ, ըստ նրա, իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարվա ընթացքում հայաստանյան ընկերությունները բենզինի ներկրումն իրականացնում են Ռուսաստանի շուկայից, իսկ ռուսաստանյան շուկայում միջազգային շուկայի համեմատ բենզինի գնի նվազումը շատ ավելի դանդաղ է ընթանում, մեջբերում է Panorama.am-ը:

Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, և դեկտեմբերի 6-ին հասել է 447,86 դրամի։ԿԲ–ի հայտարարության համաձայն` Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։