Հունվարի 5-ին և 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` 60 և 82մմ-ոց ականանետերից և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց:
Ըստ ՊԲ մամուլի ծառայության, հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն 3 զինծառայող: Ըստ հավաստի աղբյուրների, սպանվածներից մեկն ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն է, իսկ մյուսների տվյալները ճշտվում են:
Հունվարի լույս 3-ի գիշերըՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական 2 գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել էին զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը, վիրավորվել զինծառայող Վոլոդյա Հարությունյանը:
Վոլոդյա Հարությունյանը հունվարի 4-ին տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր հարաբերական կայուն, ասել է հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, գրում է «Փաստինֆո»-ն: Վոլոդյա Հարությունյանին Ստեփանակերտում գտնվելու ընթացքում վիրահատվել են` թոքն ու երիկամը, իսկ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում նա ողնաշարի ֆիքսացիայի վիրահատության կենթարկվի:
Բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ էր շպրտվել ելման դիրքերը: Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հակառակորդի ոչ մի հարձակում անպատասխան չի մնա:
Այժմ հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում իրականացնում զսպիչ գործողություններ: