Հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 400 անգամ: ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (6 արկ) և ՌՊԳ-7 (11 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 6000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հունվարի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական 2 գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել էին զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը, վիրավորվել զինծառայող Վոլոդյա Հարությունյանը:
Բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ էր շպրտվել ելման դիրքերը: Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հակառակորդի ոչ մի հարձակում անպատասխան չի մնա:
Կարդացեք նաև՝ ՊԲ պատասխանն ադրբեջանական դիվերսիաներին. Հակառակորդն առնվազն 3 զինծառայող է կորցրել