7 հունվարի 2015 - 15:06 AMT
Նավթի գինը նվազել է 1 բարելի դիմաց $50-ի շեմից

Հունվարի 7-ին Brent տեսակի նավթի գինը հաղթահարել է 1 բարելի դիմաց 50 դոլարի հոգեբանորեն կարևոր շեմը: Մոսկվայի ժամանակով 11:25-ին (Երևանի՝ ժամը 12:25) Լոնդոնի ICE Futures սակարկություններում փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է մինչև 49,70 դոլար 1 բարելի դիմաց: WTI տեսակի ամերիկյան նավթի գնանկումը ևս շարունակվել է Նյու Յորքի բորսայի սակարկություններում, որտեղ Մոսկվայի ժամանակով 11:25-ին մեկ բարելի գինը 47,05 դոլար էր:

Ընթացիկ շաբաթվա սկզբից նավթի գինը նվազել է ավելի քան 10 տոկոսով, իսկ 2014-ի հունիսից՝ 2 անգամից ավելի, գրում է ՌԲԿ-ն: Սակայն, ավելի ուշ Brent-ի արժեքը կրկին մի փոքր բարձրացել է՝ հասնելով 50,46 1 բարելի համար: Նավթի թրեյդերները սպասում են ԱՄՆ պաշարների վերաբերյալ շաբաթական թողարկումներին, պարզելու համար նավթի պահանջարկի չափը աշխարհի խոշորագույն սպառողի կողմից: Կառավարության հաշվետվությունը, ինչպես ակնկալվում է, ցույց կտա, որ անցած շաբաթ ամերիկյան նավթի պաշարներն աճել են 0,9 մլն բարելով, այն դեպքում, երբ բենզինի պաշարները, ըստ կանխատեսումների, ավելացել են 3,4 մլն բարելով, նշում է Investing.com-ը: Դա իր հերթին կարող է հանգեցնել նավթի գների հետագա նվազման:

Ռուսաստանի բյուջեն կազմված է նավթի 1 բարելի դիմաց 96 դոլարի հաշվարկով, Ադրբեջանինը՝ 1 բարելի դիմաց 90 դոլարի հաշվարկով: Ավելի վաղ հայտարարվեց, որ գնանկումը 1 դոլարով զրկում է Ռուսաստանը 2 մլրդ դոլար շահույթից: Ըստ ԶԼՄ-ների, ՌԴ ֆինանսների նախարարության գնահատականով, եթե նավթի գինը նվազի 1 բարելի դիմաց 60 դոլարի շեմից, դա կարող է հանգեցնել 5-տոկոսանոց անկման: