7 հուլիսի 2006 - 14:49 AMT
Ադրբեջանին պետք է Լեռնային Ղարաբաղն առանց հայերի
«Որպեսզի մենք լիովին գոհ լինենք հակամարտության կարգավորումից, պետք է հռչակել` Լեռնային Ղարաբաղն առանց հայերի: Կարգավորման բոլոր մյուս տարբերակները չեն ընկալվի այսօր երկու ճամբարի բաժանված մեր հանրության գրեթե կեսի կողմից»,-Բաքվում հայտարարել է Իննովացիաների եւ քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն: Նրա խոսքերով, Ադրբեջանի հանրության մի մասը «ողբերգականորեն է» ընդունել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, ապա Ահմեդօղլուն կարծում է, որ իր արտահայտածը նրա սեփական մտքերը չեն: «Մեթյու Բրայզան հրապարակեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքները, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ ՄԽ ութնամյա գործունեության արդյունքը»,-հայտարարել է քաղաքագետը:

Իննովացիաների եւ քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարը նաեւ ենթադրություն է արել, թե «Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 գրավյալ ադրբեջանական շրջանների հարցը գործնականում լուծված է»: «Խոչընդոտ է հանդիսանում միայն շրջանների ազատագրման հերթականությունը»,-գրում է Բաքվի «Զերկալո» թերթը: