10 հունվարի 2015 - 16:02 AMT
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, Փերինչեկը ներկա կլինի իր գործով Շվեյցարիայի բողոքարկման քննությանը ՄԻԵԴ-ում

Թուրքիայի ԱԳՆ-ն կողմ է արտահայտվել, որպեսզի ծայրահեղական թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկը ներկա գտնվի իր գործով Շվեյցարիայի ներկայացրած բողոքի քննությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, չնայած երկրից բացակայելու արգելքին:

Հունվարի 9-ին համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է թուրքական Cihan գործակալությունը:

Հունվարի 28-ին ՄԻԵԴ-ում քննվելու է շվեյցարական կողմի բողոքարկման հայցը «Դողու Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Երկրում քրեական պատասխանատվություն է սահմանված Հայոց ցեղասպանության ժխտման համար: 2005-ին Փերինչեկը Շվեյցարիայում մասնակցել է տարբեր խորհրդաժողովների, որտեղ հրապարակավ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը` «անվանելով այն միջազգային սւոտ»: 2007 թ. մարտին Փերինչեկը մեղավոր ճանաչվեց ռասայական խտրականության մեջ Հայոց ցեղասպանության ժխտման համար՝ դատապարտվելով 90 օրվա ազատազրկման կամ 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի: Դա առաջին դեպքն էր, երբ 1995 թ. ուժի մեջ մտած օրենքը Շվեյցարիայում կիրառվում էր Հայոց ցեղասպանության առնչությամբ:

Հայցվորը վիճարկել էր որոշումը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին 2007-ի դեկտեմբերին հաստատեց դրա օրինականությունը:

Փերինչեկն իր իրավունքները խախտելու վերաբերյալ բողոք էր ներկայացերլՄԻԵԴ, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներին, մասնավորապես, 7 հոդվածին (պատիժ բացառապես օրենքի հիման վրա), 10 (կարծիք հայտնելու ազատություն): ՄԻԵԴ-ը հայտնաբերեց 10-րդ հոդվածի խախտում՝ դրամական հատուցում չպահանջելով հայցվորի համար: «Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ»,- ասվում էր դատարանի որոշումում:

Դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ստրասբուրգում որոշեց, որ Շվեյցարիան խախտել է Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի իրավունքները, որը Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով մեղադրվել էր ռասայական խտրականության համար: 2014-ի մարտի 17-ին Շվեյցարիայի կառավարությունը հայտարարեց, որ բողոքարկելու է ՄԻԵԴ որոշումը:

Դողու Փերինչեկը Թուրքիայում հայտնի է սկանդալային վարքագծով: Ավելին, Թուրքիայում ռազմական հեղաշրջում ծրագրելու «Էրգենեկոնի» գործով Փերինչեկը դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Սակայն 2014-ի մարտի 10-ին նա ազատ արձակվեց երկրից չբացակայելու պայմանով:

«Թուրքիան դատավարության մասնակից է: Ես կարծում եմ, որ Փերինչեկը պետք է ներկա գտնվի ՄԻԵԴ-ում: Սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի թուրքական դատարանը»,-ասել է Չավուշօղլուն:

ՄԻԵԴ-ում Փերիչնեկի գործով որպես երրորդ կողմ ներգրավված է նաև Հայաստանը: Հայաստանի շահերը պաշտպանող իրավաբանների թվում կլինեն նաև հայտնի իրավաբան-միջազգայնագետ Ամալ Քլունին և բրիտանացի դիվանագետ Ջեֆրի Ռոբերտսոնը: