7 հուլիսի 2006 - 16:25 AMT
Մ.Բրայզա. «Տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման սկզբունքը չեն հակասում միմյանց
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում այն մասին, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների հարցում առավելին հասնել անհնար է», չի նշանակում թե փակուղային իրավիճակ է ստեղծվել: Այդ մասին հայտարարել է ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան BBC-ին տված հարցազրույցում: Այդ հայտարարությունը չի նշանակում, թե միջնորդների ստեղծագործական հնարավորությունները սպառվել են եւ այդ պատճառով անհրաժեշտ է, որ նախաձեռնություններով, որոշումների կայացմամբ զբաղվեն նախագահները: «Սա փակուղային իրավիճակ չէ: Սա մի պահ է բանակցային գործընթացում, երբ համանախագահներն ասում են` «այժմ նախագահները պետք է որոշեն, թե ինչ են ուզում»,-ասել է Մ.Բրայզան:

Նրա կարծիքով, երկու նախագահներն էլ ունեն քաղաքական կամք, ցանկանում են համագործակցել, «սակայն մենք չգիտենք, պատրաստ ենք արդյոք նրանք, ձեռնարկելով մի շարք վերջնական եւ բարդ քայլեր, ամփոփել շրջանակային համաձայնության հիմնական սկզբունքները»: «Այժմ ժամանակն է, որ երկրների նախագահները իրենց ժողովրդներին պարզաբանեն խաղաղ ծրագրի առավելությունը, ցույց տան առաջընթացի ճանապարհը զիջումների օգնությամբ: Սա դիվանագիտության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհ է»,-ընդգծել է միջնորդը: Մեթյու Բրայզան ընդգծել է, որ բանակցությունների սեղանին են արդարացի եւ հուսադրող սկզբունքներ: «Դրանք մինչ այժն առաջ քաշված լավագույն առաջարկներն են: Ես կասեի, որ մենք այժմ մոտ ենք խաղաղության ինչպես երբեք: Սակայն ես չեմ կարող երաշխավորել, որ նախագահները, օգտագործելով իրենց ինքնիշխան իրավունքները, կընդունեն այդ առաջարկները կամ կանեն փոփոխություններ, որոնք կբավարարեն երկու կողմերին»,-ասել է նա:

Ըստ համանախագահի, ԱՄՆ հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ եւ ինքնորոշման սկզբունքը չեն հակասում իրար: «Եթե դուք ուշադրություն եք դարձրել, համանախագահների հայտարարության մեջ կան հղումներ երկու սկզբունքներին: Կարեւորն այն է, որ բանակցությունների սեղանի շուրջ հնարովր լինի գտնել այդ սկզբունքների շփման եզրերը»,-ասել է նա: