10 դեկտեմբերի 2002 - 22:14 AMT
ՄՈՍԿՎԱՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՁԳՏՈՒՄ Է ՕԳՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒՆ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հեշտ չի ընթանում, եւ այդ կապակցությամբ մենք մեծ հույսեր ենք կապում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների շարունակվող երկխոսության հետ քանի որ առաջին հերթին հենց իրենց փոխըմբռնումից է կախված գործի հաջողությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ 4-րդ դեպարտամենտը, պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցին, որը ստացվել էր «Ռուսաստանը եւ աշխարհը ձեր հարցերի պատասխաններում» ինտերնետ-նախագծի շրջանակներում: «Ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում Մոսկվան ակտիվորեն ձգտում է օգնել ադրբեջանական եւ հայկական կողներին որքան հնարավոր է շուտ հասնել ղարաբաղյան խնդրի փոխզիջումային լուծմանը»,- ասվում է պատասխանում: Ընդ որում, հակամարտող կողմերի համաձայնության ձեռքբերման դեպքում Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր: