4 փետրվարի 2015 - 13:26 AMT
Շրջանառության հարկի մասին փոփոխված օրենքը հետաձգվեց. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է նախագիծը

ՀՀ ԱԺ-ն փետրվարի 4-ին 75 կողմ, 1 դեմ, 40 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը հետաձգելու որոշումը:

Այս հարցով հարակից զեկուցող Հանրապետական պատգամավոր, Տնտեսական հարցերով հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը քվեարկությունից առաջ հայտարարեց. «Դե ֆակտո մենք այսօր հնարավորություն ունենք մինչև հուլիսի մեկը տվյալ օրենսդրական նախաձեռնությունը բերել անհրաժեշտ տեսքին: Տնտեսական հարցերով հանձնաժողովը կոչ է անում բոլորիդ ցանկացած ձևաչափով քննարկումներ անել: Բոլորի ելույթները լսել եմ և ողջունում եմ: Խնդրում եմ՝ ձեր առաջարկները գրավոր ներկայացնել հանձնաժողովին»:

Այս հարցով հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն էլ նշել է, որ քննարկումների ժամանակ հնչած առաջարկները բովանդակային առումով տարբերվում էին, հետևաբար, հարցին արդյունավետ լուծում գտնելու համար ժամանակ է անհրաժեշտ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է. «Բարգավաճ Հայաստան խմբակցությունը քանիցս ասել է, որ ժամանակ ձգելը լուծում չէ: Մենք կողմ չենք քվեարկելու, բայց դեմ էլ չենք քվեարկի, հաշվի առնելով ՓՄՁ-ների շահերը: Մենք ձեռնպահ կքվեարկենք»:

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ասել է, որ իրենց խմբակցությունը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախագծով հանդես կգա:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե իրենք կողմ են քվեարկում, քանի որ եթե այս որոշումը չանցնի, ավելի վատ պայմաններ կլինեն ՓՄՁ-ների համար:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը ևս կարծիք է հայտնել, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պետք է լուծում գտնել այս հարցին:

«Մենք ձեռնպահ կմնանք, որպեսզի ՓՄՁ-ները կարողանան շարունակել աշխատել: Եթե առաջիկա երկու շաբաթներին այս հարցին լուծում չլինի, արտահերթ նիստեր պետք է հրավիրվեն»,- հայտարարել Բիշարյանը, մեջբերում է Panorama.am-ը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ներկայացրել է ՀԱԿ դիրքորոշումը. «Ստեղծված իրավիճակում ամենալավ լուծումն է, եթե այս որոշումն անցնի»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հունվարի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Գործադիրը քննարկել և հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը:

«Միաժամանակ, քննարկումների արդյունքում որոշվեց այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 մլն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»,- նշել է կառավարության ղեկավարը: