12 փետրվարի 2015 - 15:46 AMT
«Նորմանդական քառյակի» Մինսկի հանդիպման արդյունքներն ու հույսերը

Մինսկում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բանակցությունները Ուկրաինայում կարգավորման շուրջ «նորմանդական քառյակի» ձևաչափով:

Գրեթե 16-ժամյա բանակցություններից հետո դուրս գալով լրագրողների մոտ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզաբանեց, թե ինչու համաձայնեցումն այդքան երկար տևեց: «Կարծում եմ, որ պատճառն այն է, որ ցավոք, մինչ օրս Կիևը հրաժարվում է ուղիղ շփումներից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների հետ»,-ասել է նա: «Եվ եթե նրանք ցանկանում են երկարաժամկետ պայմանավորվածության հասնել, հարկ կլինի ուղիղ շփումների գնալ»,-վստահ է Պուտինը: Իսկ առայժմ նա գերադասում է «աշխատել այն պայմաններում, որոնք կան», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մինսկում կայացած բանակցություններում հաջողվել է պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին:

«Ըստ իս, պայմանավորվեցինք շատ բաների մասին, պայմանավորվեցինք հրադադարի մասին փետրվարի 00:00 ժամից: Երկրորդը, որը կարևոր եմ համարում՝ ծանր սպառազինությունը ետ քաշելու մասին «ուկրաինական զորքերի հետ շփման այսօրվա գծից և նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին Մինսկի համաձայնություններում նշված գծից»,-ասել է ՌԴ նախագահը:

Նա հավելել է նաև, որ լուծվել է «երկարաժամկետ քաղաքական կարգավորման հետ կապված» հարցերի համալիրը: «Այստեղ մի քանի կետ կա. առաջինը՝ սահմանադրական բարեփոխումն է, որտեղ պետք է հաշվի առնվեն Դոնբասում բնակվող մարդկանց օրինական իրավունքները»,-ասել է նա:

«Հաջորդում են կետերը, կապված Դոնբասի աշխարհազորայինների հետ համաձայնեցված սահմանային հարցերի լուծման հետ՝ հումանիտար հարցեր, այդ տարածքի՝ Դոնեցկի և Լուգանսկի հատուկ կարգավիճակի մասին ավելի վաղ ընդունված օրենքի իմպլեմենտացիա, այսինքն՝ իրագործում»,-ասել է Պուտինը:

«Հորդորում եմ երկու հակամարտող կողմերին որքան հնարավոր է շուտ դադարեցնել արյունահեղությունը և անցնել երկարաժամկետ կարգավորման իրական քաղաքական գործընթացին»,-ասել է նա:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հակամարտող կողմերը զսպվածություն կցուցաբերեն մինչ Ուկրաինայում կրակի լրիակատար դադարեցումը՝ խուսափելու համար ավելորդ արյունահեղությունից:

«Խնդիրն այն է, որ Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչները պնդում են, որ Կիևի ագրեսիվ գործողություններին ի պատասխան նրանք ոչ միայն զսպեցին Կիևի ուժային կառույցների բանակի գրոհները, այլ նաև, անցնելով հարձակման, շրջափակեցին 6-8 հազարի հասնող խմբավորումը: Նրանք, անշուշտ, ակնկալում են, որ այդ խմբավորումը զենքը վայր կդնի և կդադարեցնի դիմադրությունը»,-ասել է Ռուսաստանի նախագահը բանակցությունների ավարտին: Պուտինը հայտնել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայի արևելքում իրավիճակի գնահատման համար ռազմական փորձագետներ ներգրավելու հարցում:

Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատեց, որ բանախոսներին հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ Ուկրիանայում կարգավորման և հրադադարի վերաբերյալ: Նա նաև հայտարարել է, որ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները «լուրջ հույսեր» են ներշնչում, որ իրավիճակը կկարգավորվի: «Դա լուրջ հույս է, դա մեծ թեթևություն կլինի Եվրոպայի համար»,-ասել է Օլանդը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ պայմանավորվածությունները դեռ պետք է կյանքի կոչել:

Մինչդեռ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին հայտարարեց, որ ԴԺՀ և ԼԺՀ ղեկավարները ստորագրել են «նորմանդական քառյակի» առաջարկած փաստաթուղթը:

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն իր հերթին հայտարարեց, որ ստորագրված փաստաթղթի կետերը լրացուցիչ համաձայնեցում են պահանջում:

«Բոլոր կետերը լրացուցիչ համաձայնեցում են պահանջում, ուստի, եթե լինեն խախտումներ, ոչ մի նոր հանդիպում ու հուշագիր չի լինի»,-ասել է նա:

Նա նշել է, որ «Ռուսաստանի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի երաշխիքների շոնրհիվ մենք այսօր համաձայնագիր ենք ստորագրել, որը, ինչպես հուսով ենք, վերջ կդնի մարտական գործողություններին և թույլ կտա ԴԺՀ և ԼԺՀ-ին ձեռնամուխ լինել խաղաղ շինարարությանը ի նպաստ մեր ժողովրդի»:

«Այդ քայլով մենք կօգնենք փոխվել նաև Ուկրաինային»,-գտնում է ինքնահռչակ հանրապետության ղեկավարը:

«Նորմանդական քառյակի» բանակցությունները գրեթե 16-ժամ տևեցին: Բանակցությունների ավարտին Ֆրանսիայի և ԳԴՀ ղեկավարները մոտեցան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և շնորհակալություն հայտնեցին աշխատանքի համար պայմաններ ստեղծելու համար:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

Փետրվարի 5-ին Կիևում տեղի ունեցան Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանակցությունները ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այնտեղից Մերկելն ու Օլանդը մեկնեցին Մոսկվա, որտեղ քննարկեցին ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու դեպքում էլ բանակցություններն անցել են մամուլի համար փակ դռների հետևում, իսկ հանդիպման ավարտին մասնակիցները հայտարարություններ չեն արել: